28/01/2022 18:07
Հայկական բանակի այսօրվա և վաղվա օրը կախված է նրանից, թե որքան երկար են մնալու գործող իշխանությունները. ռազմական փորձագետ
Այսօր Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանը դիտարկում են որպես ապագայում պոտենցիալ զավթվող տարածք, մինչդեռ մեզ մոտ համարժեքության բացակայություն կա. մենք համարժեք չենք գնահատում այն մարտահրավերը, որը մեզ նետել է Թուրքիան և այն սպառնալիքը, որը կա Ադրբեջանի կողմից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Թե ինչպիսին պետք է լինի բանակը, կախված է մեր երկրին նետված արտաքին մարտահրավերները դիմագրավելու և սպառնալիքը չեզոքացնելու ձևից։ Այսինքն՝ առաջին հերթին տրվելու է քաղաքական գնահատական։ ՀՀ զինված ուժերը և նրա անկյունաքարը հանդիսացող բանակը պետք է համարժեք լինեն մեզ նետված արտաքին մարտահրավերներին, ինչն այսօր չկա։ Իսկ չկա, որովհետև ՀՀ այսօրվա իշխանությունները կամ դիլետանտ են, կամ ազդեցության գործակալ են, այսինքն՝ սպասարկում են այլ երկրի պետական շահը (դրան սովորաբար ասում են դավաճան), կամ էլ գործող իշխանությունը թշնամի է»,- ասաց ռազմական փորձագետը։
Հայկ Նահապետյանի խոսքով՝ հայկական բանակի այսօրվա և վաղվա օրը կախված է նրանից, թե որքան երկար են մնալու գործող իշխանությունները։
«Եթե օրվա իշխանությունները երկար մնան, Ադրբջանն ու Թուրքիան ուժեղի իրավունքով նորանոր զիջումներ են պարտադրելու, և ՀՀ քաղաքական էլիտան, ուզի թե չուզի, լինի հայրենասեր, թե ոչ, ենթարկվելու է այդ պարտադրանքներին»,- ասաց ռազմական փորձագետը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձն է։