03/03/2022 13:55
Չեմ կասկածում մեր՝ հայրենիքին և մեր հայրենակիցներին պետք լինելու կամքի կամ պատրաստակամության մեջ. Վահագն Խաչատուրյան (Տեսանյութ)
ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանը վստահեցնում է՝ բոլորն օրենքի առաջ հավասար են լինելու:
«Կարծում եմ՝ ձեզ համար էլ շատ կարևոր պահ է այն առումով, որ ձեզ իրավունք է վերապահված՝ ընտրելու ՀՀ նախագահի», - դիմելով ՔՊ-ին՝ ասաց նա։
Խաչատուրյանը երկու հայտնի մարդկանց մեջբերումներ օգտագործեց իր խոսքում՝ ամբողջացնելու այն, ինչ ուզում է ասել:
«Առաջինը վերաբերում է ազատությանը: Իրականում, ամենակարևոր արժեքը մարդուն, որ ի ծնե տրվում է, ազատությունն է։ Ինչքան, որ ես ինձ ազատ եմ զգում, ուզում եմ, որ իմ դիմացինն էլ այդպես լինի. երբևիցե չեմ ընդունում, երբ դիմացինը կաշկանդված է, երբ դիմացինը որոշակի սահմանափակումներ ունի», - ասաց Խաչատուրյանը, ապա մեջբերեց Զիգմունդ Ֆրոյդի հետևյալ խոսքերը. «Իրականում, մարդկանց մեծ մասն ազատություն չի ուզում, որովհետև այն ենթադրում է պատասխանատվություն, իսկ պատասխանատվությունը մարդկանց մեծ մասին վախեցնում է»։
Ըստ Խաչատուրյանի՝ իշխանական պատգամավորներն այն մարդկանցից են, որոնք պատասխանատվությունից չեն վախեցել։
«Միշտ փորձությունների ենք ենթարկվում, բայց այդ փորձություններից պետք է հաղթանակած դուրս գանք, մեր բոլորիս խնդիրը դա է լինելու և ես, համոզված եմ, որ մենք այդ գործում հաջողելու ենք: Ես չեմ կասկածում մեր արած գործի և ճշտության, և անկեղծության, և ազնվության, հայրենիքին և մեր հայրենակիցներին պետք լինելու կամքի կամ պատրաստակամության մեջ: Ես չեմ կասկածում, որ մենք այդպես ենք մտածում և այդպիսին ենք», - ասաց նա՝ վստահեցնելով հասարակությանը, որ հանձինս պետության և պետական ինստիտուտների՝ ինքը կստանա այն անվտանգությունը, որը բոլորն են ուզում, կապրի այն կյանքով, որը բոլորն են ուզում և կունենա այն ապագան, որի մասին բոլորը երազում են:
Խաչատուրյանն անդրադարձավ նաև նրան, թե ինչպիսին պետք է լինի պետությունը, ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվի, ինչ գաղափարներ պետք է իրականացնի. նա մեջբերեց Ադամ Սմիթին. «Առևտուրն ու արտադրությունը հազվադեպ կարող են երկարատև ծաղկում ապրել այն երկրում, որտեղ չի գործում օրենքի գերակայությունը, որտեղ մարդիկ ապահով չեն զգում իրենց՝ սեփականությունը տիրապետելու հարցում, որտեղ պայմանագրի նկատմամբ վստահությունն ամրապնդված չէ օրենքով, որտեղ պետական պաշտոնյան չի գտնում, որ կանոնավոր կերպով պետք է պարտադրի բոլորին պարտքերը վճարել, որոնք պետք է վճարեն։ Ես համոզված եմ՝ մենք այս ուղղությամբ ենք գնում, մենք, իսկապես, մեր քաղաքացիներին այս ճանապարհով ենք տանում: Օրենքի գերակայությունը մեր՝ բոլորիս համար գերագույն արժեք է: Սեփականության անձեռնմխելիությունը ևս Սահմանադրությամբ է որպես այդպես ընդունված: Եվ կարևոր չէ, թե ինչ պաշտոն ենք զբաղեցնում, մենք բոլորս հավասար ենք և այդ հավասար իրավունքը մենք իրականացնում ենք՝ հարկ վճարելով: Այսինքն՝ մենք բոլորս պետության, օրենքի առաջ հավասար ենք լինելու: Կարծում եմ՝ այդ սկզբունքներն է, որ մենք իրականացնում ենք և իրականացնելու ենք», - հայտարարեց Վահագն Խաչատուրյանը: