14/06/2022 21:40
Ժողովրդի կողմից կլինի վարչապետի թեկնածուի առաջադրում՝ ի բավարարումն օրենքով սահմանված անվստահություն հայտնելու նախապայմանին․ Սաղաթելյան
Համազգային պայքարի գլխավոր խնդիրն է մնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը ։
«Օգոստոսի 2-ից հետո լրանում է դրա պաշտոնավարման մեկ տարին, և նրան աթոռից հեռացնելու մեր գործիքակազմին ավելանում է ևս մեկ հնարավորություն։ Երկու ուղղություններով պետք է իրականացնենք նախապատրաստական լուրջ աշխատանք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Առաջին ուղղությունը, նրա խոսքով, պաշտոնանկության հիմքերի ամբողջացումն է։
«Պաշտոնանկության հիմքերի՝ իրավական, քաղաքական, ամբողջացում, դրա համաժողովրդական պահանջի դրսևորում։ Երկրորդը՝ ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում՝ ի բավարարումն օրենքով սահմանված անվստահություն հայտնելու նախապայմանին։
Այլ ընկալումներից խուսափելու համար՝ Նիկոլի հեռացման գործընթացը մեր գլխավոր օրակարգն է, հետագայում սրան ավելանալու է ևս մեկ գործիքակազմ։ Ըստ իրավիճակի, ըստ նպատակահարմարության կորոշենք այս գործիքակազմից օգտվելու հնարավորության հեռանկարները»,- հայտարարեց ընդդիմադիր գործիչը։