07/12/2022 11:22
Ֆիզիկական անձինք կհայտարարագրեն իրենց եկամուտները. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանում ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Այն ամբողջությամբ կներդրվի 3 տարվա ընթացքում:
Փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 65 կողմ ձայն, դեմ էր քվեարկել 5 պատգամավոր, ձեռնպահ՝ 22:
Հարկային առաջին տարին, որի համար կներկայացվեն հայտարարագրեր, կլինի 2024 թվականը: Առաջին փուլի շրջանակում ընդգրկված են հետևյալ անձինք՝ Հանրային ծառայության մասին օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող քաղաքացիներ, նոտարները՝ անձնական եկամուտների մասով: Հաջորդ ենթախումբը ձեռնարկատիրական գործունեության հետ ուղիղ կամ անուղղակի կապված ֆիզիկական անձինք են՝ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիներ, որոնք 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների բաժնետերեր են, նաև ռեզիդենտ քաղաքացիներ, որոնք 2023-ի ընթացքում ստացել են 20 մլն դրամ կամ ավելի փոխառություններ՝ նշված առևտրային կազմակերպություններից:
2024 թվականից նախատեսվում է այդ շրջանակն ընդլայնել աշխատանքային պայմանագրերով աշխատանք կատարողներով, նաև քաղաքացիական պայմանագրերի հիման վրա ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող ռեզիդենտ քաղաքացիներով:
2025-ին առաջարկվում է համակարգում ընդգրկել նաև մնացած ռեզիդենտ ֆիզիկական անձանց: Հայտարարագրի նախագիծը պատրաստվելու է հարկային մարմնի կողմից՝ այդ պահին հարկային մարմնին հայտնի տեղեկության հիման վրա: Եթե հայտարարագրում լրացումներ կատարելու անհրաժեշտություն չլինի, քաղաքացուն մնում է հաստատել հայտարարագիրը և այն կհամարվի սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված: