21/02/2024 14:44
Բանակի վիճակի մասին Սերժ Սարգսյանի հայտնած դիրքորոշումը բանավեճի առիթ դարձավ. Գեղամ Մանուկյանը պնդեց, որ «կոնսերվի բանկեքը» դեռ առաջնագծում կախված են
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստին քննարկման և բանավեճի առիթ դարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնած դիրքորոշումը, որ վերջին 3,5 տարվա ընթացքում իշխանությունն անգործություն է ցուցաբերում և որ բանակի ռեսուրսների մասին թեև ստույգ տեղեկություն չունի, բայց, կարծում է, որ հայկական բանակին ստիպում են խեղճանալ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ Անդրանիկ Քոչարյանը հանրայինով հայտարարություն է արել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ավելի շատ են ծանոթ բանակի բարեփոխումների աշխատանքներին, դրա համար վատ բան չեն ասում։
Մանուկյանը նշեց, որ վատ բան չեն ասում՝ ազգային անվտանգությունից ելնելով, թեև դեկտեմբերին առաջնագիծ այցից հետո, իրենք կետ առ կետ իրենց դիտարկումները ներկայացրել են ՊՆ-ին և նաև կոչ արել, որ քարոզչական նպատակով ամրաշինական աշխատանքների մասին հայտարարություններ չանեն։
«Հիմա զորամասի հրամանատարին եմ ասում՝ ո՞նց է լինում, որ զինվորները երկու ամիս մարտական հենակետում հերթափոխի չեն ենթարկվում։ Եղե՞լ է ժամանակին նման բան, որ 15 օրից ավելի զինվորները մարտական դիրքում հերթափոխ չլինեն»,-հարցրեց նա։
Վահագն Ալեքսանյանը հակադարձեց. «Կիսում եմ քարոզչական նպատակով ամրաշինական աշխատանքների և դիրքերի կահավորման հետ կապված հայտարարություններ չանելու ձեր հայտարարությունը, բայց կխնդրեմ հայտարարությունը ճիշտ հասցեատիրոջ ուղարկեք՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Թեև խիստ կասկածում եմ, որ Սարգսյանի սթափությունը կամ դրա բացակայությունը թույլ կտա ճիշտ ընկալել ձեր արտահայտությունը, այնուամենայնիվ, դուք գնացել եք և տեսել եք ամրաշինական աշխատանքները, որ տեղի են ունենում, վստահ եմ, թե՛ դուք, թե՛ պարոն Սարգսյանը, նունիսկ եթե Բադեն Բադենից ինքն իջնի, ինքը կարող է կոնսերվայի բանկայի և երկաթբետոնի տարբերությունն ընկալել»։
Մանուկյանը հիշեցրեց, որ նույն կոնսերվի բանկեքը շարունակում են կախված մնալ և ճիշտ է, որ կախված են։
«Շահարակումը հետևյալն է, որ երկրորդ գծում ամրաշինական աշխատանքը կոխում եք հասարակության աչքը, որ եթե նախկինում կատարած լինեին..., այ որ դուք ձերը կատարած լինեիք․․․»,-ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ինքը հանրայինից խոսել է նոտաներով։ «Առաջարկել եմ պարոն Սարգսյանին, եթե ցանկություն ունենա, կնախաձեռնեմ իր համար որոշակի տեղեկատվության հնարավորություն, եթե իր խմբակցության պատգամավորը նիստերին չի մասնակցում, գնա պատմի՝ ինչ է տեսել»,-ասաց նա։