04/04/2024 12:12
ՀՀ կառավարությունը կների Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ոսկու գրավադրմամբ վարկերը
ՀՀ կառավարությունը կների Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ոսկու գրավադրմամբ վարկերը։
«Նախորդիվ որոշումներով կառավարությունն այդ պարտավորությունների մի զգալի մասը վերցրեց իր վրա, սա այդ որոշման տրամաբանական շարունակությունն է, քանի որ ստացվում է, որ մենք քաղաքացիների պարտավորությունները վերցրել ենք, բայց գրավները պահում ենք մեզ մոտ։ Մենք քննարկեցինք ու որոշում կայացրեցինք, որ անտրամաբանական է, մանավանդ, այս իրադրության մեջ, երբ փորձում ենք ամեն ինչ անել, որ ԼՂ-ից բռնի տեղահանաված մեր քույրերն ու եղբայրները հնարավորինս լավ պայմաններում հայտնվեն»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ ասաց, որ այս որոշումը վերաբերում է ոսկու գրավադրմամբ մոտ 6 հազար վարկի։
«Գրավադրված ոսկիների մի մասը մինչև ԼՂ-ից բռնի տեղահանումը, որոշ վարկառուներ ստացել են, հիմա 1800 քաղաքացու մասով ոսկիները գտնվում են բանկերում, որի գրավի իրավունքը պատկանում է կառավարությանը, հիմա այս 1800 վարկառուի ոսկիները վերադարձնում ենք իրենց»,- նշեց նախարարը։
Այս պահին կվերադարձվեն մինչև 5 միլիոն մնացորդային վարկերը, 5 միլիոնից ավելի 5 վարկ կա, որը հավելյալ ուսումնասիրման կարիք ունի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե մինչև որոշման ստորագրումը, պետք է ևս մեկ անգամ անդրադանալ այս թեմային։
«Պետք է հստակ պատասխաններ ունենանք»,- ասաց նա։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ նշեց, որ վարկերի զգալի մասը Արցախի բանկերը կամ ֆինանսական կազմակերպությունները հետ են տվել։
«Մենք խոսում ենք մնացորդային մասի մասին, մի մասը տեղափոխվել է Հայաստան, բայց զգալի մասը տվել են Արցախում»,- նշեց ԿԲ նախագահը։
Վարկառուները գրավը հետ ստանալու համար պետք է դիմում ներկայացնեն ՀՀ ֆինանսների նախարարություն, որը կարող են անել թե՛ առցանց, թե՛ այցելելով նախարարություն։ Դրա հիման վրա Ֆիննախը պարտքի ներման համաձայնագիր կկազմի ու կտրամադրի քաղաքացիներին, կներկայացնի օրն ու ժամը, թե երբ ու որտեղից կարող են հետ ստանալ գրավները։