«Իրավական համակարգից բողոքողները բազմաթիվ են». Սամվել Կարապետյանի աջակցությամբ գործող փաստաբանական թիմը կօգնի ապօրինի քրեական հետապնդման ենթարկված քաղաքացիներին
24/06/2025 14:09

«Իրավական համակարգից բողոքողները բազմաթիվ են». Սամվել Կարապետյանի աջակցությամբ գործող փաստաբանական թիմը կօգնի ապօրինի քրեական հետապնդման ենթարկված քաղաքացիներին

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի աջակցությամբ ստեղծվել է փաստաբանական թիմ, որն անվճար կաջակցի ապօրինի քրեական հետապնդման ենթարկված քաղաքացիներին։

Սամվել Կարապետյանի աջակցությամբ գործող փաստաբանական թիմը համակարգում են փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանն ու Միհրան Պողոսյանը։

Երեկվանից ստեղծված նախաձեռնությանն արդեն դիմել են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ապօրինի քրեական հետապնդման են ենթարկվում։

Փաստաբանական թիմը համակարգող Լուսինե Մարտիրոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ փաստաբաններից շատերն իրենք են իրենց նախաձեռնությամբ դիմել, որ աջակցեն քաղաքացիներին։

«Նախաձեռնությունն ունի որոշակի սահմաններ, վերաբերելի է բացառապես կալանքի տակ գտնվող անձանց, այս պահի դրությամբ՝ մենք իրավական պաշտպանություն ենք տրամադրելու այն քաղաքացիներին, ովքեր կդիմեն մեզ, կներկայացնեն իրենց գործերն ու  ուսումնասիրության արդյունքում մենք կհայտնաբերենք, որ, այո՛, կան ակնհայտ կոպիտ խախտումներ»,- նշեց նա։

Մարտիրոսյանի խոսքով՝ դիմողները շատ են, բայց չափորոշիչներին համապատասխանողներ դեռ չկան։

«Զանգերն ու նամակները բավականին շատ են։ Գիտենք, որ մեր իրավական համակարգից բողոքողներն ուղղակի բազմաթիվ են, չեմ ուզում անուններ տալ՝ ովքեր են դիմել, բայց մարդկանց շատ դժվար էր բացատրելը՝ իհարկե, հասկանալի է, որ դուք ապօրինի քրեական հետապնդման եք ենթարկվում ու ենթարկվում եք ձեր ազատ կարծիքն արտահայտելու հետևանքով, բայց կան որոշակի սահմաններ», - մանրամասնեց փաստաբանը։

Լուսինե Մարտիրոսյանը կարծում է, որ պետք է պայքարել՝ հասնելու արդարադատության։

«Դատական համակարգում դեռ կան հենասյուներ, ես կարծում եմ ու գտնում եմ, որ, այո՛, փաստաբաններս պարտավոր ենք կանգնել քաղաքացիների կողքին՝ հասնելու այն մակարդակին, որ, ի վերջո, արդարությունը հաղթի, արդարադատությունը պետք է լինի անկախ ու անաչառ»,- հավելեց Սամվել Կարապետյանի աջակցությամբ գործող փաստաբանական թիմի համակարգողը։

Նշենք, որ Սամվել Կարապետյանն այս նախաձեռնությունը հիմնելու առաջարկն արել էր հունիսի 21-ին, երբ «Արմավիր» ՔԿՀ-ից ուղերձ էր հղել։

«Ամեն օր միջանցքներում և տեսակցության վայրերում հանդիպելով կալանավորներին՝ զարմանում եմ, թե ինչքան ծաղկուն տարիքի տղաներ են այստեղ գտնվում և վստահ եմ, որ նրանցից շատերն ինձ նման անօրինական որոշումների հիման վրա, իսկ ոմանք՝ ոչ մեծ հանցագործությունների արդյունքում են հայտնվել այստեղ։ Եվ չվախենալով հսկիչների ներկայությունից՝ բղավում են, որ իրենց վերջին հույսը ես եմ։ Ու այսօրվանից իմ փաստաբանական խմբի բազայի վրա հրավիրելու ենք տարբեր անաչառ փաստաբանների, ովքեր պատրաստ են աջակցել և փորձել վերանայել վերջին յոթ տարիների այդպիսի գործերը և պայքարել ցանկացած հայ մարդու խախտված իրավունքների համար։ Այդ ամենի համար պատրաստ եմ միջոցներ տրամադրել»,- նշել էր Կարապետյանը։

Ստորև՝ փաստաբանական թիմի անդամների տվյալները

 

Հեղինակ`Անի Վարդանյան
«Իրավական համակարգից բողոքողները բազմաթիվ են». Սամվել Կարապետյանի աջակցությամբ գործող փաստաբանական թիմը կօգնի ապօրինի քրեական հետապնդման ենթարկված քաղաքացիներին