Կառավարությունը փորձում է լեգիտիմացնել ՀԷՑ-ի պետականացումը, սա քաղաքական քայլ է Սամվել Կարապետյանի դեմ. Վահե Դավթյան
11/11/2025 10:47

Կառավարությունը փորձում է լեգիտիմացնել ՀԷՑ-ի պետականացումը, սա քաղաքական քայլ է Սամվել Կարապետյանի դեմ. Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի կարծիքով՝ ՀԾԿՀ նախաձեռնությունը՝ դադարեցնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության լիցենզիան, ուղղված է ամիսներ առաջ կայացված որոշումը լեգիտիմացնելու նպատակին։

«ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելով՝ նպատակ են հետապնդում լեգիտիմացնել այն որոշումը, որը կայացվեց ամիսներ առաջ՝ կապված ընկերության պետականացման հետ։ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելով՝ կառավարությունը ցույց է տալիս, որ այն գործողությունները, որոնք իրականացրել է ամիսներ առաջ, լեգիտիմ են և ուղղված են համակարգի արդիականացմանը»,– ասաց Դավթյանը։

Փորձագետը հիշեցրեց, որ հենց նույն ՀԾԿՀ-ն իր հրապարակած զեկույցներում տարիներ շարունակ դրական է գնահատել ՀԷՑ-ի գործունեությունը։

«Եթե դիտարկում ենք նույն ՀԾԿՀ-ի գնահատականները, մասնավորապես մոնիթորինգային տվյալները, որոնք առ այսօր զեկույցի տեսքով հրապարակված են հանձնաժողովի կայքում, տեսնում ենք առավել քան դրական գնահատական ՀԷՑ-ի վերջին տարիների գործունեության մասին՝ թե՛ ներդրումային ծրագրերի իրականացման, թե՛ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցման դրական դինամիկայի առումով»,– նշեց նա։

Դավթյանի խոսքով՝ ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման որոշման տակ կարող են լինել շատ ավելի հեռահար նպատակներ․

«Գիտենք, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկան 2022 թվականի փետրվարի 1-ից ազատականացված է։ Դրա գլխավոր նպատակն այն է, որ հնարավորինս նվազեցվի պետության մասնակցությունը շուկայական գործընթացներին։ Պետությունը պետք է հանդես գա ընդամենը որպես կարգավորող, ոչ թե շուկայի դերակատար։ Երբ ՀԷՑ-ը փաստացի պետականացվեց, պետությունը դարձավ ուղիղ խաղացող, ինչն ուղիղ հակասում է շուկայի ազատականացման ռազմավարությանը»։

Փորձագետը չի բացառում, որ առաջիկայում ՀԷՑ-ի հիման վրա կարող են ձևավորվել նոր ընկերություններ։

«Կարծում եմ՝ մեծ է հավանականությունը, որ առաջիկայում կունենանք ՀԷՑ-ի լիցենզիայից զրկված ընկերության հիման վրա ձևավորված նոր ընկերություններ։ ՀԷՑ-ը կկորցնի իր մենաշնորհը՝ որպես բաշխիչ ցանցերի միակ սեփականատեր և կառավարիչ։ Դրանով իսկ փորձ կարվի ինչ-որ իմաստով բարձրացնելու էլեկտրաէներգետիկ համակարգի ներդրումային գրավչությունը։ Թե դրանից ինչ կստացվի՝ դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ նպատակն է ապակենտրոնացնել համակարգը և դիվերսիֆիկացնել ֆինանսական հոսքերը»,– ընդգծեց Դավթյանը։

Նա հավելեց, որ, հավանաբար, ՀԾԿՀ-ի որոշման տողատակերում հենց այս նպատակն է։

Դիտարկմանը, թե արդյո՞ք այս որոշումը կարող է լինել «Տաշիր» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանի դեմ ուղղված քայլ՝ Վահե Դավթյանը պատասխանեց․

«Բնականաբար, սա ի սկզբանե ունեցել է քաղաքական հետապնդման բաղադրիչ։ Եթե խոսում ենք կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների պետականացման մասին, ապա դա կարող է ընդունելի լինել, եթե պետությունը որդեգրի համապատասխան քաղաքականություն։ Բայց եթե որոշումը կայացվում է բացառապես մեկ ընկերության վերաբերյալ՝ այն էլ Սամվել Կարապետյանի կողմից արված հանրային հայտարարություններից հետո, ապա ակնհայտ է, որ սա նպատակ ունի քաղաքական որոշակի սահմանափակումներ ստեղծելու նրա համար, գուցե, զսպելու նրա քաղաքական ակտիվությունը։

Այսօր էլ, ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելը խոսում է այն մասին, որ փորձում են լեգիտիմացնել ամիսներ առաջ կայացրած որոշումը՝ Ստոկհոլմի արբիտրաժում պարտության ֆոնին ցույց տալու, թե իբր ՀԷՑ-ում, իսկապես, խորքային խնդիրներ կան»։

Հեղինակ`Սյուզի Մելքոնյան
Կառավարությունը փորձում է լեգիտիմացնել ՀԷՑ-ի պետականացումը, սա քաղաքական քայլ է Սամվել Կարապետյանի դեմ. Վահե Դավթյան