«Լավ է՝ մոլորակների դասավորությունից չխոսեց». Օդի որակի մասին Ավինյանի ասածներին ավագանու անդամը չի հավատում
28/11/2025 20:55

«Լավ է՝ մոլորակների դասավորությունից չխոսեց». Օդի որակի մասին Ավինյանի ասածներին ավագանու անդամը չի հավատում

«Իրենց ապաշնորհ վերաբերմունքը սեփական պարտավորությունների նկատմամբ  փորձում են արդարացնել վերացական, իրենց  չվերաբերող  ու իրենց գիտելիքների շրջանակում չգտնվող  ինչ-որ հանգամանքներով»,-Aysor.am-ին ասաց Երևանի ավագանու  «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ  Նարե Արամյանը՝ անդրադառնալով օդի աղտոտվածության վերաբերյալ  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պարզաբանումներին:

Հիշեցնենք՝  Ավինյանն ասել էր՝ օդի աղտոտվածությունն այս տարածաշրջանում «ունի խիստ սեզոնային բնույթ և պայմանավորված է առավելապես աշխարհագրական գործոններով՝ օդային զանգվածների շրջանառությամբ, չոր անտիցիկլոնային եղանակով, հարավ-արևելքից չոր, փոշոտ օդային զանգվածների մուտքով և ռելիեֆային պայմաններով»։ 

«Նախ, որ պաշտոնյաները կարողանան ինչ-որ բան պնդել, համոզել, առավել ևս բացատրել, պետք է որևէ պատկերացում ունենան նման խնդիրներից: Շատ լավ է, որ մոլորակների դասավորվածությունից խոսք չի գնացել, թե չէ քաղաքային իշխանությունը ուզուրպացրած քաղաքապետի կողմից մենք ասյօր կծանոթանայինք նաև աստղաբանական կամ աստղաֆիզիկայի  գիտելիքներին»,- Ավինյանին հակադարձեց Նարե Արամյանը:

Ավագանու անդամի խոսքով՝ օդի աղտոտվածության պատճառների վերաբերյալ  Ավինյանի պարզաբանումը հերթական պոպուլիստական հայտարարությունն էր, որով նպատակ ունեն շեղել մարդկանց  ուշադրությունը.

«Իրենք են ամբողջութամբ մեղավոր ներկայումս ստեղծված ամենախորը ու Երևանի պատմության ամբողջ ընթացքում աննախադեպ բնապահպանական ու շրջակա միջավայրի անվտանգության այս ճգնաժամի համար: Շինարարություն, կանաչապատման ու պահպանության աշխատանքների բացակայող ռազմավարություն, ամբողջ երթևեկության անկազմակերպ ու անտրամաբանական բաշխումներ, աղբի ու թափոնների կառավարման ոլորտի բացարձակ տապալում... Ո՞ր դեպքում է քաղաքային իշխանությունը կատարել  իր պարտականությունները, որ քաղաքապետն էլ հիմա խոսում է այդպիսի «օբյեկտիվ» տվյալներից՝ աշխարագրական դիրք, ցիկլոններ և այլն»:

«Լավ է՝ մոլորակների դասավորությունից չխոսեց». Օդի որակի մասին Ավինյանի ասածներին ավագանու անդամը չի հավատում