.jpg)
Շրջանառված տեսագրությունները կեղծ են, դրանք շրջանառելու համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել. Արշակ Սրբազան
Իմ ծառայությունը կասեցնելու պահանջը կապված է տեսագրությունների հետ, որոնք հրապարակվեցին։ Շրջանառված տեսագրությունների համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել, նույնիսկ Քննչական կոմիտեն ընդունում է, որ դրանք ապօրինի տեսագրություններ են, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արշակ Սրբազանը։
«Ոչ ոք չկա, որ ասի, թե այո՛, այդ տեսագրությունները մենք ենք արել, պատրաստել, հորինել։ Չկա։ Անտեր տեսագրություն է։ Եվ եթե մի բան անտեր է, որոշակիորեն տուժում է նաև դրա արժանահավատությունը։ Ոչ ոք չկա, որ ասի, թե սա արել ենք և սա իրական է»,-ասաց Սրբազանը։
Նա նշեց՝ բոլորին է հայտնի, թե եկեղեցականների շուրջ ինչպիսի արշավ է իրականացվում, հատկապես նրանց, ովքեր «զմայլված» չեն Նիկոլ Փաշինյանով։
«Եթե ես զմայլված լինեի Նիկոլ Փաշինյանով, որևէ քննադատության ու թթու խոսքի չէի արժանանալու։ Այս երևույթն ունի շատ կոնկրետ քաղաքական ուղղվածություն»,-ասաց Արշակ Սրբազանը։
Նա պատմեց, որ երբ հրավիրվել է Քննչական կոմիտե, իրեն ասել են, թե կան նախաքննական գաղտնիքներ, որոնք ինքը պարտավոր է չբացահայտել։
«Ասացի՝ շատ լավ, իսկ այդ արգելքը վերաբերվում է միայն ի՞նձ, թե՞ նաև ձեզ։ Պարզվեց, այդ արգելքի տակ գտնվում եմ միայն ես։ Ստացվում է մի դարպասով ֆուտբոլ։ Ինչ-որ մարդիկ իմ ձեռքերը կապում են և որոշները փորձում են հարվածել։ Եվ հանկարծ պարզվում է, որ այդ նախաքննական գաղտնիքը կարող է հայտնվել երրորդ և չորրորդ անձանց ձեռքը»։