.png)
Ընդդիմադիր ուժերի համախմբումը պատկերացնում ենք գաղափարների և համոզմունքների վրա հիմնված համատեղ աշխատանք. Քրիստինե Վարդանյան
««Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի՝ ընդդիմության համախմբվելուն ուղղված կոչն ընթացքի մեջ է, աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Նախատեսում ենք առաջիկայում այս ընթացքում արած աշխատանքներն ամփոփել, թե ինչ ֆորմատով, կարծում եմ՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարություն կանի», - այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Նրա խոսքով՝ Իշխան Սաղաթելյանի՝ ընդդիմությանը միավորման կոչ անելու նախաընտրական ելույթ չէր, դա նախանշված աշխատանքների մասին էր, որոնք ընթացքի մեջ են:
«Մենք նշել ենք, որ ընդդիմադիր ուժերի համախմբում անհրաժեշտ է, բայց գնահատելով իրավիճակը՝ հասկանում ենք, եթե չեն կարող բոլորը գալ պայմանական ասած մի գծի նույն շարքում կանգնել, կարող են առնվազն լինել սկզբունքներ, որոնց շուրջ ունենալով կոնսենսուս, կարող ենք մեր պատկերացրած սկզբունքների շուրջ աշխատել՝ դրանք կյանքի կոչելով: Այդ ելույթում հնչել են 6 սկզբունքներ, որոնց շուրջ պատկերացնում ենք, որ կարող է լինել ամբողջական համագործակցություն», - շեշտեց դաշնակցական պատգամավորը:
Նա ընդգծեց, որ իրենց կոչն ամենևին էլ ընդդիմության արհեստական միավորման մասին չէ. «Միավորումը պատկերացնում ենք գաղափարների և համոզմունքների վրա հիմնված համատեղ աշխատանք: Այսօր նաև այդ սկզբունքներին ավելացել և արդիական դարձել են Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությունը, քաղբանտարկյալների պաշտպանությունը, իշխանական քարոզչական թեզերին չտրվելը, այս ուղղությամբ քննարկումներն ընթացքի մեջ են: Վստահ եմ՝ դրանք ինչ-որ պահի կամփոփվեն», - հավելեց Վարդանյանը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին քաղբանտարկյալների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ընդդիմադիր ուժերին համախմբվելու կոչ էր արել: Սաղաթելյանը նաև հայտնել էր, որ հաջորդ շաբաթվանից սկսելու են ընդդիմադիր դաշտի դերակատար ուժերի հետ խորհրդակցություններ։