.png)
Փաշինյանական ռեժիմի ապօրինությունները «չտեսնող» եվրոպական կառույցներին անընդհատ պետք է հիշեցնենք Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի մասին. Դավիթ Ֆիդանյան
«Պետք է բարձրաձայնենք երկրում ռեժիմի կողմից մարդու իրավունքների համատարած խախտումների մասին, պետք է փաստենք, որ ազատ խոսքը փաշինյանական իշխանության ժամանակաշրջանում թիրախավորվում է, ինչի վառ ապացույցը «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանավորումն է»,- Սամսոնյանին ու Սաղաթելյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ասաց AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
Հիշեցնենք՝ այսօր՝ դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, AntiFake.am-ի թիմը ակցիա է իրականացրել Երևանի Ազատության հրապարակում՝ «Իմնեմինիմի» փոդքասթի վարողներ, քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանավորման առնչությամբ։ Նրանք մոտ մեկ ամիս է՝ կալանավորված են իրենց խոսքի համար։
«Սա դասական քաղաքական հետապնդում է, ընդ որում՝ քաղաքական հետապնդում է ոչ միայն Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի քաղաքական հայացքների համար, այլև դասական հետապնդում է ազատ խոսքի նկատմամբ, ԶԼՄ-ների նկատմամբ, որովհետև իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ իրենք վախենում են ազատ խոսքից, վախենում են ճշմարիտ խոսքից»,- ակցիայի ժամանակ ասաց Դավիթ Ֆիդանյանը։
Նա հավելեց՝ շարունակաբար բարձրաձայնելով Հայաստանում իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ազատ խոսքի սահմանափակումների մասին՝ նպատակ ունեն հասնելու միջազգային հանրության դատապարտմանը.
«Որ նրանք մի կողմ դնեն իրենց այսրոպեական աշխարհաքաղաքական առաջնահերթությունները»,- նշեց AntiFake.am-ի լրագրողը։
«Հատկապես եվրոպական կառույցներն այսօր խուլ ու համր են ձևանում, որովհետև Հայաստանը նրանց հետաքրքրում է որպես հակառուսական պլացդարմ՝ տարածաշրջանում, և հանուն իրենց աշխարհաքաղաքական նպատակների, նրանք պատրաստ են հանդուրժել փաշինյանական ռեժիմի ցանկացած կամայականություն և ապօրինություն, ինչն էլ տեսնում ենք։ Մենք պետք է դա թույլ չտանք։ Շարունակաբար պետք է բարձրաձայնենք քաղբանտարկյալների խնդրի մասին և ստիպենք, որ նրանք արձագանքեն»,- ասաց Ֆիդանյանը։
Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին կալանավորել են, որովհետև նրանց դեմ հաղորդում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ այն բանի համար, որ փոդքասթի հեղինակներն արձագանքել են իրենց հասցեին նրա իսկ արած վիրավորական արտահայտությանը։
Սիմոնյանի հաղորդումից հետո դիմակավորված ուժայինները Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներն են մտել, նրանց ձերբակալել, ապա փոդքասթը վարողներին մեղադրանք առաջադրել «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու համար»։
Սա Սամսոնյանի ու Սաղաթելյանի դեմ քաղաքական դրդապատճառներով առաջին հետապնդումը չէ, 2018-ից սկսած՝ նրանք բազմիցս ճնշումների են ենթարկվել և էլի կալանավորվել են՝ եթերում գործող իշխանություններին քննադատելու համար։