.jpg)
ԵՄ-ի «աջակցությունը» ուղիղ միջամտություն է Հայաստանի ներքաղաքական կյանքին, ընդդիմությունը պետք է դրսևորի ամենակոշտ կեցվածքը. Հայկ Նահապետյան
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հայտարարությունը, ըստ որի՝ 2026 թվականի հունիսին նախատեսվող խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը ԵՄ-ից աջակցություն է խնդրել արտաքին միջամտության դեմ պայքարելու համար, իրականությանը չի համապատասխանում։ Այդ կարծիքին է քաղաքագետ Հայկ Նահապետյանը։
Նրա խոսքով՝ իրականում ոչ թե Հայաստանի իշխանություններն են դիմել ԵՄ-ին, այլ հակառակը՝ ԵՄ համապատասխան պաշտոնատար անձինք Հայաստանին փոխանցել են, որ «այդպես պետք է արվի»։ Նահապետյանի գնահատմամբ՝ նպատակն է Հայաստանում կրկնել Մոլդովայում վերջերս տեղի ունեցած ընտրությունների սցենարը, իսկ գործընթացը ներկայացվում է այնպես, կարծես նախաձեռնությունը գալիս է հայկական կողմից։
«Սա ուղիղ միջամտություն է Հայաստանի ներքաղաքական կյանքին»,– Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Նահապետյանի համոզմամբ՝ Եվրամիությունը գլոբալիստական ինստիտուտներից մեկն է՝ նույն շարքում, ինչ ՆԱՏՕ-ն, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Առևտրի համաշխարհային կազմակերպությունը։ Նրա խոսքով՝ դրանք վերպետական կառույցներ են, որոնք գործում են որպես գլոբալիստների գործիքներ։
Ըստ քաղաքագետի՝ այսօր այդ գործիքակազմի հիմնական վերահսկողությունը գտնվում է Մեծ Բրիտանիայի ձեռքում, իսկ նախկինում այդ ազդեցությունն ունեցել է նաև ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը։ Նրա գնահատմամբ՝ այն երկրներում, որտեղ գլոբալիստների աջակցությամբ ձևավորված իշխանություններ են գործում, այդ իշխանությունների պահպանման խնդիր է դրվում։
«Բնականաբար, իրենց պետք է, որ Հայաստանում մնա Բրիտանիայի կողմից նշանակված Նիկոլ Փաշինյանը»,– ասաց Նահապետյանը՝ հավելելով, որ այդ նպատակով այժմ կիրառվում են մեխանիզմներ, որպեսզի Հայաստանում կրկնվի Մոլդովայի սցենարը։
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ քաղաքագետը նշեց, որ ընդդիմությունն ունի հստակ անելիքներ։ Նրա կարծիքով՝ միայն հայտարարություններով հնարավոր չէ հակազդել այս գործընթացներին։
«ԵՄ շենքի դիմաց շուրջօրյա պիկետներ է պետք կազմակերպել, ընդդիմությունը պետք է դրսևորի ամենակոշտ կեցվածքը»,– ընդգծեց Նահապետյանը։
Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այսօր Եվրամիության նկատմամբ ճնշում կա ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի կողմից։ Այդ համատեքստում Նահապետյանը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք այդ երկրներին ձեռնտու չէ, որ Հայաստանի ընդդիմությունը կոշտ դիրքորոշում դրսևորի այն վերպետական կառույցների նկատմամբ, որոնք, նրա խոսքով, խոչընդոտներ են ստեղծում Ուկրաինայում պատերազմը կանգնեցնելու գործընթացում.
«Այս առումով ԱՄՆ-ն և ՌԴ-ն կարող են դիտարկվել որպես Հայաստանի ընդդիմության դաշնակից միավորներ»։