.jpg)
Առաջիկայում մեր ճնշմամբ պարտադրելու ենք, որ գերիների վերադարձի հարցը մեկ րոպե անգամ մոռացության չտրվի. Գեղամ Ստեփանյան
Գերիների հարցը, կարծեք թե, ամբողջապես հումանիտար հարց է, բայց և՛ Հայաստանի, և՛ Ադբեջանի իշխանություններն այն վերածել են քաղաքական հարցի։ Թեև ՀՀ կառավարության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար խոսում են այն մասին, որ ամենօրյա ռեժիմով աշխատում են այս ուղղությամբ, բայց մենք այդ աշխատանքի ոչ ընթացքն ենք տեսնում, ոչ էլ արդյունքը։ Եթե անգամ լայն հանրությանը ինչ-ինչ պատճառներով չի տեղեկացվում աշխատանքի մասին, ապա առնվազն գերիների հարազատներին իշխանությունը պարբերաբար պետք է հանդիպի և ներկայացնի իր կատարած աշխատանքները, ինչը տեղի չի ունենում, որն էլ տալիս է հիմք ենթադրելու, որ իրականում ոչինչ չի արվում,-Aysor.am-ի հետ զրույցում նշել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Միջազգային հարթակներում գերիների հարցը տարվա ընթացքում պարբերաբար ակտիվ քննարկվել է, Հայաստանում նույնպես այս թեմայով քննարկումներ եղել են՝ հիմնականում քաղհասարակության կամ իրավապաշտպան համայնքի կողմից, ընդհանուր առմամբ ամեն գնով խաղաղություն մուրալու ցանկության շղարշի ներքո իշխանության կողմից գերիների վերադարձի հարցը մղվել է երկրորդ պլան»,-հավելեց նա
Գեղամ Ստեփանյանի դիտարկմամբ՝ պետք է շարունակել մոբլիզացնել ուժերը տարբեր երկրներում՝ տարբեր պետությունների կառավարությունների առջև այս հարցը բարձրացնելու համար, միջազգային իրազեկվածության արշավները պետք է շարունակել, որպեսզի հասնենք այս հարցում Ադրբեջանի նկատմամբ հստակ արտահայտված ճնշման գործադրման։
Ստեփանյանն ընդգծում է՝ ցավալի է, որ հայաստանյան հանրությունն էլ անտարբեր է հարցի վերաբերյալ, դա պետք է շտկվի.
«Առաջիկա ամիսներին ՀՀ-ում ակցիաներ պետք է կազմակերպենք թե՛ միջազգային ներկայացուցչությունների առջև, թե՛ ՀՀ պատկան մարմինների առջև, որ մեր լռությունը չդիտվի որպես անգործության կանաչ լույս, այլ հակառակը՝ մենք մեր ճնշմամբ պարտադրենք, որ հարցը մեկ րոպե անգամ մոռացության չմատնվի, որ ի վերջո հասնենք մեր պատանդների, գերիների վերադարձին։
Գիտեք, որ Բաքվում կեղծ դատավարությունները վերջնական փուլ են հասել, կարծում եմ, որ առաջիկա տարվա ընթացքում, երբ կեղծ դատավճիռները ուժի մեջ կմտնեն, նաև միջազգային դատական ատյաններում նոր պրոցեսներ սկսելու հիմքեր կունենանք»։
Անհետ կորածների որոնողական աշխատանքների կատարման խոչընդոտների մասին Գեղամ Ստեփանյանի հետ զրույցը կարդացեք հետևյալ հղմամբ։