.jpg)
Նարեկն ու Վազգենը երեք ամիս չեն կարող կալանքի տակ մնալ. Ժաննա Ալեքսանյան
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարաձգելու որոշումը շարունակում է բուռն արձագանքներ առաջացնել իրավապաշտպանների շրջանում։
Aysor.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հայտարարեց, որ կալանքը սկզբից ի վեր սխալ է եղել և չպետք է կիրառվեր։
«Նրանք պետք է ազատ արձակվեին, ի սկզբանե կալանքը սխալ էր և չպետք է այդ մոտեցումը լիներ։ Կարծում եմ, որ դատարանները պետք է խելքները գլուխները հավաքեն, բայց իշխանությունների պատվերն այնպիսինն է, որ…»,-ասաց Ալեքսանյանը։
Իրավապաշտպանը խիստ մտահոգություն հայտնեց խոսքի ազատության սահմանափակումների վերաբերյալ։
«Չգիտեմ էլ, թե ինչ կարելի է ասել, խոսքի ազատության այսպիսի սահմանափակում ես չեմ տեսել»,-նշեց նա։
Ժաննա Ալեքսանյանը անդրադարձավ նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած վիրավորական արտահայտություններին։
«Ալեն Սիմոնյանն, ով ասում է՝ շան լակոտ, ինչո՞ւ չի կալանավորվում։ Մենք ստրուկնե՞ր ենք, որ մեզ այդպիսի բառեր ասեն ու չպատասխանենք։ Սա ի՞նչ է նշանակում»,-ասաց իրավապաշտպանը։
Նրա խոսքով՝ նման վարքագիծը անպատժելիության հետևանք է։
«Սա լկտի պահվածքն է այն մարդու, որն անպատիժ է մնացել, երբ թքել է ՀՀ քաղաքացու վրա։ Պարզ է, որ նա պետք է շարունակի իր անպատժելիությունը, իր մեղքերը բարդի մյուսների վրա»,-ընդգծեց Ալեքսանյանը։
Իրավապաշտպանը նաև քննադատեց դատավորների վարքագիծը՝ շեշտելով, որ նրանք սխալ պատկերացում ունեն իշխանությունների «հավերժության» մասին։
«Դատարանները կարծում են, թե այս իշխանությունները հավերժ են և դատավորներն իրենց այդ պահվածքը կարող են շարունակե՞լ։ Կարծում եմ՝ պետք է մեծ արձագանք լինի»,-ասաց նա։
Ժաննա Ալեքսանյանը վստահ է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները խիստ են արձագանքելու ստեղծված իրավիճակին։
«Վստահ եմ, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները շատ խիստ արձագանքելու են այս պահվածքին, և Նարեկն ու Վազգենը երեք ամիս չեն կարող կալանքի տակ մնալ»,-եզրափակեց նա։