.png)
«Շարունակելու ենք խաղաղ հավաքների սպասարկումը». ՆԳՆ-ից արձագանքել են Իրանի դեսպանատան մոտ ակցիաների մասին դեսպանի հայտարարությանը
Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ տեղի ունեցող բողոքի ակցիաների կապակցությամբ ՀՀ ՆԳՆ-ից պարզաբանում են տարածել՝ վստահեցնելով, թե ապահովում են բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ Իրանի դեսպանության անվտանգությունը։
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել էր՝ Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։
«Մի խումբ մարդկանց առջև կանաչ լույս է վառվում, որ գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ և հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով»,-նշել էր նա՝ անդրադառնալով ՀՀ-ում Իրանի դեսպանատան մոտ ցույցերին:
Դեսպանը նաև ընդգծել էր, որ իրենք բազմիցս բողոք են հայտնել Հայաստանի համապատասխան մարմիններին։
«Մենք ամենածանր պահերին կանգնած ենք եղել Հայաստանի կառավարության կողքին, օրինակները շատ են։ Մենք այսօր գտնվում ենք ծանր իրավիճակում և այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ, կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ»,- ասել էր Խալիլ Շիրղոլամին։
Այս առնչությամբ ՀՀ ՆԳՆ-ի տարածած պարզաբանման մեջ նշվում է.
«ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության առջև իրականացվող բողոքի ակցիաների վերաբերյալ հնչած հայտարարության առնչությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» դրույթների, ինչպես նաև միջազգային և երկկողմ այլ պարտավորությունների շրջանակներում ապահովում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության անվտանգությունը և երաշխավորում է բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ:
Խնդրո առարկայի շուրջ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հետ առկա է մշտական աշխատանքային կապ:
Հարկ է նաև նշել, որ Ներքին գործերի նախարարության կողմից բոլոր նշված հավաքները սպասարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովվել է ինչպես հավաքների մասնակիցների, այնպես էլ դեսպանատան շենքի անվտանգությունը։ Նշենք նաև, որ հավաքներից մեկի ընթացքում մասնակիցներից մեկը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել է վարչական ձերբակալման։
Ներքին գործերի նախարարությունը շարունակելու է խաղաղ հավաքների սպասարկումը՝ օրենքով սահմանված կարգով։
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ժողովրդավարական պետություն, ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» օրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակներում պարտավոր է չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի, խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը»: