.jpg)
Հայաստանը երբեք աչքի չի ընկել հակաիրանական գործողություններով, դեսպանի խոսքը տեղին չէր․ Իրանագետ
Այսօր ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել էր՝ Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։
«Մի խումբ մարդկանց առջև կանաչ լույս է վառվում, որ գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ և հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով»,-նշել էր նա՝ անդրադառնալով ՀՀ-ում Իրանի դեսպանատան մոտ ցույցերին:
Aysor.am-ի հետ զրույցում իրանագետ Ժաննա Վարդանյանը կարծիք է հայտնում՝ դեսպանի խոսքը տեղին չէր, Հայաստանը հակաիրանական գործողություններ չի ձեռնարկել.
«Պատմականորեն Հայաստանը երբեք աչքի չի ընկել հակաիրանական գործողություններով և երբևէ Իրանի դեմ ուղղված քայլերի կամ գործընթացների կենտրոն չի հանդիսացել։ Խոսքը վերաբերում է բացառապես խաղաղ ակցիաներին, որոնք անցկացվել են մեր երկրի օրենսդրության շրջանակում։ ՀՀ սահմանադրությունը չի արգելում նման հավաքների անցկացումը, ավելին՝ ակցիաները անցկացվել են ոստիկանական ուժերի ներկայությամբ և վերահսկողությամբ։ Որևէ միջադեպ, դեսպանատան վրա հարձակում կամ անվտանգությանը սպառնացող իրավիճակ չի գրանցվել և չէր էլ կարող ունենալ ոստիկանության ուժերի ներկայության պայմաններում։ Հետևաբար. Հայաստանը ներկայացնել որպես «հակաիրանական գործողությունների կենտրոն»՝ այնքան էլ տեղին չէ»։
Հայ-իրանական հարաբերություններին վնաս չհասցնելու համար, ըստ փորձագետի, անհրաժեշտ է շարունակել չդրսևորել հակաիրանական վարքագիծ և շարունակել հարաբերությունները պահպանման խորացման քաղաքականությունը.
«Նման պայմաններում իրանական կողմի համար ևս ակնհայտ կլինի, որ Հայաստանում չկան հակաիրանական տրամադրություններ և Իրանի շահերին վնասելու մտադրություններ։ Հայ-իրանական հարաբերությունները ունեն խորքային, բազմաշերտ բնույթ, ներառում են համագործակցության տարբեր ոլորտներ և հատկապես վերջին տարիներին նկատելիորեն խորացել են։ Ուստի կարելի է ակնկալել, որ հայ-իրանական հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն տրամաբանությամբ»։