Մտահոգ ենք, որ ԱՄՆ-ն կարող է ԹՐԻՓՓ-ն օգտագործել իր անվտանգային քաղաքականության շրջանակներում. ՀՀ-ում Իրանի դեսպան
14/01/2026 14:00

Մտահոգ ենք, որ ԱՄՆ-ն կարող է ԹՐԻՓՓ-ն օգտագործել իր անվտանգային քաղաքականության շրջանակներում. ՀՀ-ում Իրանի դեսպան

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ մեր հայ գործընկերներին ասել ենք, որ ձեզ վստահում ենք, սակայն մենք ԱՄՆ-ի հետ գործ ունենք, որը գիտենք, թե ինչ գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով   ԹՐԻՓՓ նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությանը։

Դեսպանի խոսքով՝ ՀՀ-ն բարեկամ երկիր է, երկու երկրների ղեկավարների միջև գոյություն ունի վստահության  բարձր մակարդակ: Շիրղոլամին նշեց, որ իրենք ուրախ են ցանկացած դրական  քայլի համար, որը տեղի է ունենում ապաշրջափակման և ՀՀ-ի զարգացման ուղղությամբ:

«Ապաշրջափակման շրջանակում հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք ուղղությունների բացման հարցում ՀՀ-ն կարող է կարևոր դերակատարություն ունենալ: Հենց նույն Հյուսիս-Հարավ միջանցքը կարող է  երկու ճյուղ ունենալ՝ մեկը Պարսից ծոցից, Օմանից դեպի ՌԴ, Հնդկաստան կապող ճյուղը, հաջորդն էլ Օմանից մինչև Սև ծով»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենք չենք վստահում ԱՄՆ-ին:

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարեց, թե իրենք մտահոգ ենք, որ ԱՄՆ-ն կարող է ԹՐԻՓՓ-ն օգտագործել իր անվտանգային քաղաքականության շրջանակներում: Նա նաև նշեց, որ այս հարցում իրենց մտահոգությունները փոխանցել են հայ գործընկերներին․

«Նրանք մեզ վստահություն են տվել և հայտնել են, որ ՀՀ-ն երբեք չի դառնա սպառնալիքի աղբյուր Իրանի համար: Պայմանավորվել ենք, որ մեր այդ հանդիպումները և կապը շարունակական, պարբերական բնույթ կկրի, որպեսզի հասկանանք, թե այդ պրոյեկտի մասշտաբներն ինչպիսին են»:

Դեսպանը հույս հայտնեց, որ Թեհրանի մտահոգությունները կդիտարվեն և կփարատվեն:

Մտահոգ ենք, որ ԱՄՆ-ն կարող է ԹՐԻՓՓ-ն օգտագործել իր անվտանգային քաղաքականության շրջանակներում. ՀՀ-ում Իրանի դեսպան