.png)
«ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունից» ստացված զուտ շահույթը սկզբում ամբողջությամբ գնալու է ամերիկյան կողմի՞ն». Գոհար Մելոյանը հիշեցնում է իր հարցադրումների մասին
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը երեկ հնչեցրել էր 5 իրավական հարցադրում՝ վերաբերող «Թրամփի ուղու» հայտարարությանը:
Այս կապակցությամբ Մելոյանն այսօր նույնպես հրապարակում է արել՝ նշելով.
«Այսօր ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը պատասխանեց 5 իրավական հարցադրումներից առաջինին՝ հայտնելով, որ «ԹՐԻՓՓ Զարգացման» ընկերությունը գրանցվելու և հիմնադրվելու է Հայաստանում։
Կարևոր է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովող և Սյունիքի մարզով անցնող հաղորդակցությունների ուղիները կառուցող ու շահագործող ընկերությունը լինի Հայաստանում գրանցված իրավաբանական անձ՝ այդպիսով գտնվելով ՀՀ պետական մարմինների և ՀԿ-ների օրինական վերահսկողության ներքո։
Եթե այդ ընկերությունը գրանցվի արտասահմանում, դրա նկատմամբ ՀՀ պետական մարմինների վարչարարությունը, ներառյալ՝ իրական շահառուների բացահայտումը և ստուգումը, դուրս կգա ՀՀ պետական մարմինների և հետաքննող լրագրողների վերահսկողությունից։
Կարևոր է նաև մյուս չորս հարցադրումների վերաբերյալ լսել պատասխանատու պաշտոնատար անձանց պարզաբանումը, ներառյալ այն հարցը, թե արդյո՞ք «ԹՐԻՓՓ զարգացման» ընկերությունից ստացված զուտ շահույթը (net profit) սկզբում ամբողջությամբ գնալու է ամերիկյան կողմին՝ մինչև այն ամբողջությամբ հետ ստանա իր ներդրած գումարները։
Հրապարակված փաստաթուղթն այդպես է մեկնաբանվում։
Ցանկանում եմ նաև նշել, որ նշված հարցադրումները միայն իրավական բնույթի են և նպատակ ունեն ճշգրտել Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակը։
ԹՐԻՓՓ-ի հետ կապված մտահոգություններն ու առկա մի շարք խնդիրները կներկայացնեմ առանձին գրառումներով»։