.jpg)
Ադրբեջանն իր ռազմատենչ հռետորաբանությունը նվազեցրել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի․ Գառնիկ Դավթյան
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը այսօր հայտարարել էր, որ Արցախում մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Իշխանության որոշ ներկայացուցիչներ սա ներկայացրին որպես «վերադարձ»՝ անտեսելով արցախցիների բռնի տեղահանության խնդիրն՝ ընդհանրապես։
Aysor.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն այս առնչությամբ ընդգծում է․ «Պնդումը, թե այդ մարդիկ վերադարձել են, քաղաքագիտորեն տգիտություն է։ Այսպիսով ստացվում է, որ նաև այն շուրջ 120 հազար արցախցիներն են վերադարձել։ Այս տրամաբանությամբ՝ չի եղել բռնի տեղահանություն, գաղթի ճանապարհ, չեն եղել արցախցիներին ահաբեկելու քաղաքական և ռազմական գործողություններ, որի հետևանքով մարդիկ ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը։ Այս իշխանությունները շարունակում են իրենց նախորդիվ ստանձնած պարտավորությունները այլ ուժերի հանդեպ և այդ շրջանակում էլ տարածում են այս թեզը»։
Գառնիկ Դավթյանը հիշեցնում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիայից հետո Արցախում մնացած սակավաթիվ հայերը Ադրբեջանի կողմից շատ հաճախ օգտագործվել են որպես քարոզչական գործիք։
«Նրանց միջոցով հատկապես փորձ է արվել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ քաղաքական դիվիդենտներ շահել՝ հարցազրույցների ու հրապարակային հայտարարությունների միջոցով։ Ցավոք, պետք է ընդունենք, որ այդ քարոզչությունը որոշ չափով արդյունք տվել է։ Ես իհարկե, չեմ մեղադրում մեր հայրենակիցներին և իհարկե, հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանը հենց այդ մեխանիզմներն օգտագործել»,-նշում է փորձագետը։
Դիտարկմանը, որ գալիք ընտրություններին ընդառաջ Ադրբեջանը «նվերներ» տալու քաղաքականություն է վարում, Գառնիկ Դավթյանն արձագանքում է․
«Դա ինձ համար նորություն չէ, և առաջին դեպքը չէ, որ նման մեթոդներ են կիրառվում։ Հիշեցնեմ, որ դեռևս 2021 թվականին բացահայտ սպառնալիքներ կային, որ եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի, պատերազմ կլինի, և փաստացի նրա ընտրվելուց ու վերընտրվելուց հետո ունեցանք մի քանի պատերազմական էսկալացիաներ։ Այս փուլում Ադրբեջանը պարզապես փոխել է գործելաոճը՝ անցնելով «փափուկ ուժի» կիրառմանը։ Փորձում են մարդկանց մոտ ստեղծել տպավորություն, իբր հայերն ու ադրբեջանցիները խաղաղ ապրում են, տեսեք՝ Արցախից դուրս եկած հայերին «հայրենադարձում» են։ Բայց մենք պարտավոր ենք կտրվել այդ կեղծ իրականությունից և թույլ չտալ, որ մեզ մանիպուլացնեն։ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության ներկայիս նվազումը տակտիկական քայլ է։ Նրանց խիստ անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, որպեսզի հետագայում առաջ բերեն մի շարք պահանջներ՝ սկսած Հայաստանի տարածք ադրբեջանցիների զանգվածային վերադարձից մինչև Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի օրակարգից դուրս մղում և նոր տարածքային զիջումներ։ Անգամ գերիների վերադարձը խաղաղության կամ մարդասիրության տրամաբանության մեջ չէ»։
Օկուպացված Արցախում մնացած մի քանի հայերի տեղափոխության մասին Արսեն Թորոսյանի այսօրվա հայտարարությունում ուշագրավ հատված կար. նա գրել էր, թե մեր հայրենակիցները մինչ օրս բնակվում էին «Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում)»։ Փորձագետն ընդգծում է՝ դա Ադրբեջանին հաճոյանալու հերթական քայլ էր.
«Արսեն Թորոսյանի այս վարքագիծը նոր չէ և պարզապես հերթական անգամ բացահայտում է իր բարոյահոգեբանական ընկալումը հայերի նկատմամբ։ Ես վաղուց եմ դադարել հավատալ, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը ծառայում է Հայաստանի Հանրապետության շահերին։ Նրանք բոլոր հնարավոր եղանակներով փորձում են հաճոյանալ՝ հանուն սեփական քաղաքական վերարտադրության, պաշտոնների, պարգևավճարների։ Նրանց նպատակը ոչ թե հայ ժողովրդի բարեկեցությունն է կամ աղքատության կրճատումը, այլ սեփական իշխանության պահպանումը՝ անգամ խաղաղության կեղծ պատրանք ստեղծելու գնով»։