Միայն դեկտեմբերին երկրի վարչապետը ստացել է 10 անգամ ավելի շատ գումար, քան օրենքով նախատեսված է. Էդգար Ղազարյան (Տեսանյութ)
28/01/2026 21:40

Միայն դեկտեմբերին երկրի վարչապետը ստացել է 10 անգամ ավելի շատ գումար, քան օրենքով նախատեսված է. Էդգար Ղազարյան (Տեսանյութ)

«Կա օրենք, որը սահմանում է, թե պետական պաշտոնատար յուրաքանչյուր անձ ինչքան վարձատրություն պետք է ստանա»,- ճեպազրույցի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով իշխանության ստացած բազմամիլիոն պարգևավճարներին։

«Օրինակ՝ բազային աշխատավարձը 66,150 դրամ է, և եթե վարչապետի գործակիցը 19 է, ապա այդ բազայինը պետք է բազմապատկվի 19-ով՝ ստանալու վարչապետի մեկ ամսվա աշխատավարձը։ Սակայն պարզվեց, որ մեր երկրում, միայն դեկտեմբեր ամսին  վարչապետը ստացել է 10 անգամ ավելի շատ գումար, քան օրենքով նախատեսված է։ Նույնը վերաբերում է նաև մյուս պաշտոնյաներին։ Նրանք բացատրեցին՝ «մենք լավ ենք աշխատել, խաղաղություն ենք բերել», բայց դա իրենց  պարտականությունն է, որի համար սահմանված չափով աշխատավարձ են ստանում։ Հարմարվել ենք այդ արգևավճարների հետ, մինչդեռ դրանք  տրվում են լրացուցիչ աշխատանքի, ակնառու հաջողությունների կամ չնախատեսված ձեռքբերումների համար։ Այսինքն՝ ի՞նչ են արել ԱԺ բոլոր պատգամավորները, ի՞նչ  սխրանքներ են գործել, որ ստանում են այդ պարգևավճարները։ Ասում են, որ իրենց աշխատավարձն ավելի քիչ է, քան մասնավոր ոլորտինը, բա այդ դեպքում ի՞նչն է խանգարում գնալ և աշխատել մասնավոր ոլորտում։  Պետական պաշտոն  զբաղեցնելիս գիտես, թե ինչ պարտականություններ ունես և դրա համար ինչքան վարձատրություն պիտի ստանաս»,-ասացՂազարյանը։

Նա հիշեցրեց՝ պետական ոլորտում քաղաքացիական ծառայողները, բացի աշխատավարձից, ունեն նաև սոցիալական փաթեթներ, որոնցում ներառված են առողջապահական, կրթական և հանգստի ծախսերի փոխհատուցումներ.

«Այս ամենը նախատեսված է քաղծառայողների աշխատանքը ավելի գրավիչ դարձնելու համար։ Սակայն այսօր առավել բարձր վարձատրություն ստանում են ոչ թե քաղծառայողները, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ովքեր զբաղեցնում են քաղաքական հայեցողական պաշտոններ։ ԱԺ նախագահն ասում է, որ խաղաղություն են բերել, պետք է լավ շորեր հագնեն, բա որ պատերազմ էիք բերել 2020 թվականին, հանվել ընկել էիք փողոցնե՞րը ...»։

Այսօր AntiCor հակակոռուպցիոն հարթակը, որն արդեն գործում է 4 ամիս, անցկացրել է կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողով։ Միջոցառմանը մասնակցել են ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ, որոնք խոսել են իրենց գործունեության ոլորտում առաջացած կոռուպցիոն ռիսկերից, դրանց նպաստող պայմաններից, դրանց հակազդման միջոցներից և ընդհանրապես կոռուպցիայի և դրա դեմ պայքարի փիլիսոփայությունից։

Միայն դեկտեմբերին երկրի վարչապետը ստացել է 10 անգամ ավելի շատ գումար, քան օրենքով նախատեսված է. Էդգար Ղազարյան (Տեսանյութ)