ԶՈւ-ում հոգևոր ծառայության լուծարումն ու Միքայել Սրբազանի նկատմամբ սահմանափակումները հարվածի տակ են դնում կրոնի ազատությունը
02/02/2026 16:58

ԶՈւ-ում հոգևոր ծառայության լուծարումն ու Միքայել Սրբազանի նկատմամբ սահմանափակումները հարվածի տակ են դնում կրոնի ազատությունը

Սահմանադրաիրավական լուրջ խնդիրներ են առաջանում, երբ պետությունը խոչընդոտում է մարդու խղճի, դավանանքի և կրոնի ազատության իրացմանը։ Aysor.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով թե՛ ՀՀ զինված ուժերում Հոգևոր առաջնորդության ինստիտուտի լուծարմանը, թե՛ ԲԿ-ում գտնվող Միքայել Սրբազան արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառվող սահմանափակումներին։

Սահմանադրագետի խոսքով՝ ՀՀ Սահմանադրությունը հստակ ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք, իսկ պետությունն ու պետական մարմինները պարտավոր են երաշխավորել այդ հիմնարար իրավունքների իրականացումը։

«Խնդիր ունենք մարդու հիմնարար ազատությունների հետ։ Խոսքը խղճի, դավանանքի և կրոնի ազատության մասին է, որոնք Սահմանադրությամբ երաշխավորված են։ Սակայն ինչպես մեր զինծառայողների, այնպես էլ Միքայել Սրբազանի պարագայում տեսնում ենք, որ այդ նորմերը հարվածի տակ են ընկնում»,-ասաց Մելոյանը։

Անդրադառնալով Միքայել Սրբազանի՝ հիվանդանոցում գտնվելու պայմաններում պատարագին մասնակցելու և հաղորդություն ստանալու իրավունքի սահմանափակմանը՝ սահմանադրագետը դա որակեց անհիմն միջամտություն.

«Պետությունը, առանց որևէ հիմնավոր պատճառի, խոչընդոտում է մտքի, խղճի և կրոնի ազատության իրացմանը։ Պետական միջամտությամբ փաստացի խոչընդոտվում է Սրբազանի հաղորդություն ստանալը։ Սա որևէ կերպ չարդարացված սահմանափակում է թե՛ հոգևորականի, թե՛ քրիստոնյայի նկատմամբ»։

Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարության որոշմամբ ԶՈւ-ում գործող Հոգևոր առաջնորդության ինստիտուտի լուծարմանը, Մելոյանը խնդիրը տեսնում է ոչ միայն զինծառայողների իրավունքների, այլև եկեղեցու ինքնավարության տեսանկյունից։

«Եթե նախկինում եկեղեցին էր ուղղորդում իր դասային աստիճանակարգություն ունեցող հոգևորականներին՝ գնդերեցների կարգավիճակով ծառայություն իրականացնելու, ապա այժմ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում է իրավիճակ, երբ պետությունն է միջամտում այդ գործընթացին։ Ստացվում է, որ նշանակումները կարող են կատարվել առանց եկեղեցական ծառայության փորձի՝ միայն հոգևոր կրթության հիմքով։ Մի կողմից սա միջամտություն է զինվորականների խղճի և դավանանքի ազատությանը, մյուս կողմից՝ ուղղակի միջամտություն է ներեկեղեցական գործերին»,-ընդգծեց Մելոյանը։

Նրա խոսքով՝ թե՛ Սահմանադրությամբ, թե՛ եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող համանուն օրենքով, հստակ արգելք է սահմանված նման միջամտությունների նկատմամբ։

«Սա ոչ միայն խղճի և դավանանքի ազատության սահմանափակում է, այլև՝ կրոնական կազմակերպության ազատության դեմ ուղղված միջամտություն։ Իրավական տեսանկյունից սա հակասահմանադրական գործընթաց է»,- ասաց սահմանադրագետը։

Գոհար Մելոյանի համոզմամբ՝ վերջին ամիսներին գործադիր իշխանության կողմից իրականացվում են հակասահմանադրական քայլեր՝ ուղղված եկեղեցու նկատմամբ միջամտությանը։

«Ականատես ենք գործընթացների, որոնց նպատակը միջամտելն է եկեղեցական գործերին՝ եկեղեցու հեղինակազրկման նպատակով։ Նորմալ իրավական և ժողովրդավար երկրում նման գործողությունները պետք է ունենային հստակ իրավական հետևանքներ։ Սրանք անթույլատրելի, հակասահմանադրական գործողություններ են»,- եզրափակեց նա։

Հեղինակ`Սյուզի Մելքոնյան
ԶՈւ-ում հոգևոր ծառայության լուծարումն ու Միքայել Սրբազանի նկատմամբ սահմանափակումները հարվածի տակ են դնում կրոնի ազատությունը