Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի «Մարդկային եղբայրության համար» մրցանակաբաշխությանը. Նազելի Բաղդասարյան
02/02/2026 16:22

Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի «Մարդկային եղբայրության համար» մրցանակաբաշխությանը. Նազելի Բաղդասարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին ներկա կգտնվի Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար»  2026 թվականի մրցանակաբաշխությանը, այս մասին Aysor.am-ին հայտնեց Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Ավելի վաղ կառավարությունից տեղեկացրել էին, որ «Մարդկային եղբայրության» «Զայեդ» մրցանակի հանձնաժողովը բարձր գնահատանքի է արժանացրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը և Փաշինյանին փետրվար ամսին Աբու-Դաբիում մրցանակ կհանձնվի։ 

«Մարդկային եղբայրության» «Զայեդ» մրցանակի հանձնաժողովից հայտարարել էին 2026 թվականի մրցանակակիրներին․ մրցանակի հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը արժանանում է բարձր գնահատանքի՝ որպես երկու պետությունների կողմից իրականացվող խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթաց։

Հավելենք, որ «Զայեդ»  մրցանակը (լիարժեք անվանումը՝ Zayed Award for Human Fraternity) միջազգային մրցանակ է, որը հիմնադրվել է 2019 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններում՝ կաթոլիկ և իսլամական աշխարհի առաջնորդների նախաձեռնությամբ։ Այն կրում է ԱՄԷ-ի հիմնադիր առաջնորդի՝ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի անունը։

Հեղինակ`Մանյա Պողոսյան