.jpg)
Գիտե՞ք՝ ինչ տեսակ նեղության ընկեր են գնդերեցները եղել բանակում. ՊՆ-ն բացեց դառնության էջը՝ փակելով հոգևոր էջը. Տեր Մանուկ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Բանակում ծառայող հոգևորականը դադարում է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը, չնայած հոգևոր կրթության պահանջը պարտադիր է, սակայն հետայսու նա ներկայանում է որպես սպա ու ենթարկվում ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությանը։
Հոգևոր առաջնորդությունը կարևորագույն առաքելություն է իրականացրել Զինված ուժերում, գնդերեցները ոչ միայն հոգևոր, այլև բարոյահոգեբանական ծառայություն են մատուցել, եղել են բանակի սիրտը։
Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, ով ժամանակին ծառայություն է իրականացրել որպես գնդերեց, Aysor.am-ի հետ զրույցում նշեց՝ Սուրեն Պապիկյանի այս որոշումը հոգևոր առումով շատ մեծ վտանգ է ներկայացնում բանակի համար։
«Բանակի հոգևոր սպասավորությունը իր ծառայությունը մատուցել է կատարյալ։ Ինքնախեղման, սպանությունների, բազմաթիվ վեճերի կանխմանը գնդերեցները անմիջական մասնակցություն են ունեցել՝ իրենց բարի խրատներով ու խորհուրդներով ու, թույլ տվեք այսպես ասեմ, գնդերեցը միշտ թև ու թիկունք է եղել և՛ սպային, և՛ զինվորին։ Այն զորամասերում, որտեղ գնդերեց է ծառայել, զորացրվելուց հետո էլ և՛ գնդերեցի, և՛ զինվորի, և՛ որոշ սպաների կապը միշտ պահպանվել է, որովհետև կապը եղել է իրապես հոգևոր խղճի, բարոյականության, ազնվության, եղբայրասիրության, մարդասիրության վրա հիմնված, բայց այս ամենի լրումը հայոց հայրենիքն ու հայոց բանակը սիրելու կապ է եղել»,- նշեց Տեր Հայրը։
Տեր Մանուկն ընդգծեց՝ 20 ու ավելի տարիների մեջ անհնար է գտնել մեկ գնդերեցի անուն, որ լավ չի ծառայել, իսկ այս ամենի հեղինակը, Տեր Հոր խոսքով, Մայր Աթոռն է եղել։
«Եղել է Ամենայն Հայոց Հայրապետը, այդ դաստիարակությունը հոգևորականները ստացել են Գևորգյան հոգևոր ճեմարանում, դպրանոցներում ու այդ դաստիարակությամբ գնացել ու իրենց ազնիվ ծառայությունն են մատուցել հայոց բանակին»,- նշեց Տեր Մանուկը։
Տեր Հայրն ընդգծեց՝ այս որոշմամբ ՊՆ-ն բացեց դառնության էջը՝ փակելով հոգևոր էջը։
Պատերազմի օրերին էլ հոգևորականները ամենայն պատասխանատվությամբ ու ամենայն նախանձախնդրությամբ ծառայել են՝ հետևելով բոլոր զինվորներին, որ հանկարծ չլինի այնպես, որ մեկ զինվոր անտեսվի։
«Քաջալերել ենք՝ Վարդանանց ու Ղևոնդյանց սուրբ նահատակ քահանաների ոգին տալով մեր բանակին, հայ գնդերեցը փորձել է ամեն ինչ անել՝ ի նպաստ ու ի շահ հայոց բանակի, հայոց պետության։ Մենք սիրում ենք մեր երկիրը, ես անկեղծ եմ ասում՝ հայ հոգևորականն այնպիսի դաստիարակություն է ստանում ճեմարանում, որ, առաջին հերթին, հոգևոր սնունդի հետ մեր երակների մեջ ներմուծվում է նաև հայրենիքը սիրելու գաղափարը»,- նշեց Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։
Այս որոշումը չի խանգարելու, որ հայ հոգևորականը շարունակի իր աղոթքը հայոց բանակի, հայ զինվորի համար։ Տեր Մանուկն ասում է՝ թեկուզ բանակից դուրս, բայց ամեն ինչ պետք է անել, որ բանակն ամուր մնա. «Ցավալիորեն հիմքերը խախտվել են»։
Հիմնավորումը, թե պարտադիր չէ, որ բանակում քարոզիչները լինեն հոգևորականի համազգեստով, Տեր Մանուկը՝ որպես ՀՀ քաղաքացի, որպես Հայ եկեղեցու զավակ, որպես 20 տարվա օծյալ քահանա, որպես նախկին գնդերեց, հարց է բարձրացնում՝ իրավունք ունի՞ եզրակացնելու, որ, օրինակ, որևէ աղանդավորական կազմակերպություն հայտ է ներկայացրել, որ գնան ու դառնան բանակի քարոզիչ։
Այսուհետ նաև կարգալույծները կարող են բանակում ծառայություն իրականացնել, Տեր Մանուկը նշում է՝ այս պարագայում մի քիչ հանգիստ է իրենց խիղճը, քանի որ կարգալույծները հոգևոր կրթություն ստացել են. «Մենք մի ծոցից ենք դուրս եկել»։
Տեր Հայրը կարծում է, որ այս որոշմամբ զինվորը կտուժի։
«Անհատապես ում հետ կապված են եղել գնդերեցները, բարեկամացել են, ընկերացել են, եղբայրացել են, կապը կարող են պահել, ինչպես այսօր ես հարյուրավոր զինվորականների հետ եմ կապը պահում, նույնիսկ բարեկամություն ենք անում, բայց, ընդհանուր առմամբ, սա շատ մեծ հարված է։ Լա՛վ, ես պահեցի կապը, բանակը միշտ թարմացվում է, նոր զորակոչ է լինում, նոր զինվոր է գնում, այդ մարդը, ցավոք, հոգևորականի երես չի տեսնելու, Ավետարանը չի քարոզվելու բանակի մեջ, սա է ամենամեծ մտահոգությունը մեզ համար։ Ես զարմանում եմ, որ իրենց զավակին բանակ ուղարկող ծնողների մի ստվար զանգված լռում է։ Գիտե՞ք՝ ինչ տեսակ նեղության ընկեր ենք մենք եղել բանակում, հատկապես պատերազմի ժամանակ, հատկապես հիվանդանոցներում, Երևանում բժշկական այդպիսի կենտրոն չի եղել, որ ես ու Հայր Աթանաս Սարգսյանը չգնանք, չայցելենք մեր վիրավոր տղաներին, գրեթե 700 զինվորի ենք այցելել»,- նշեց Տեր Մանուկը։
Պատերազմի ժամանակ գնդերեցներից զոհվեց Նարեկ սարկավագ Պետրոսյանը, անհետ կորած է Տեր Մկրտիչ աբեղա Կարապետյանը ու հիմա Տեր Հորը շատ է ցավ պատճառում, որ որոշ մարդիկ գրում են, թե՝ «պատերազմի ժամանակ էդ տերտերներն ու՞ր էին»։
«Ո՞ւր էին… ձեր ասած «տերտերները» մի ձեռքին զենք, մյուսին՝ խաչ, ճակատում պայքարում էին, իսկ դուք ի՞նչ էիք անում՝ ստատուս էիք գրում հայ եկեղեցու դեմ, հայ հոգևորականի ու Հայոց Հայրապետի դեմ։ Է՜, նվաստացրեք, որքան կուզեք նվաստացրեք, Աստված հո՞ տեսնում է, Աստծո աչքն ամենատես աչք է, ամեն ինչ տեսնում է»,- նշեց Տեր Մանուկը։
Տեր Հայրը մտահոգությամբ է արձանագրում՝ տգիտությունն այնքան է տարածվել մեր մեջ, որ դրա հետևանքը ուղիղ կործանումն է։
«Մենք այսքան պայքրում ենք, բայց չենք կարողանում, որովհետև քիչ ենք, շատ քիչ ենք»,- հավելեց Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։