.jpg)
Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ ակցիա է՝ ի պաշտպանություն Հայ առաքելական սուրբ եկեղեցու․ Լուսանկարներ
Մոսկվայում Հայաստանի դեսպանատան դիմաց կրկին բողոքի ակցիա է։

Ինչպես փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը՝ հարյուրավոր հայեր հավաքվել են՝ ի աջակցություն Հայ առաքելական սուրբ եկեղեցու և նրա ազգընտիր գահակալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կալանավորված հոգևորականների, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մնացյալ հայորդիների, ովքեր բանտարկվել են զուտ այն պատճառով, որ իրենց արդար ձայնն են բարձրացրել՝ ի պաշտպանություն եկեղեցու:
«Պաշտպանենք մեր եկեղեցին», «Ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից», «Ազատություն Սրբազաններին» պաստառներով քաղաքացիներն իրենց բողոքի ձայնն են արտահայտում։

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Գևորգ քահանա Վարդանյանը հայտարարեց՝ եկեղեցին սրբություն է, այն մեր ազգային հենասյունն է։
«Այն, ինչ կատարվում է Հայաստանում Հայ Եկեղեցու և հոգևորականների հանդեպ, ապօրինի է և ուղղված է կրոնական ազատության ու Հայաստանի Սահմանադրության դեմ»,- նշեց Տեր Գևորգը։

Այսօր Մոսկվայում է գտնվում նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ակցիայի մասնակիցները նաև հատուկ նրա համար էին պաստառ պատրաստել։

Ակցիայի ավարտին նախաձեռնվեց ստորագրահավաք՝ ի աջակցություն Հայ առաքելական սուրբ եկեղեցու։
