.jpg)
Գևորգ Պապոյանն ասում է՝ «վարորդներին վարկ տանք», էս մարդիկ վարկ չեն ուզում. Մեսրոպ Մանուկյան (Տեսանյութ)
Օնլայն տաքսու վարորդների իրավունքները խախտվում են, նրանք բուլինգի են ենթարկվում, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը: Նրա խոսքով՝ 2 օր տևած ստորագրահավաքին միացել է 600 տաքսու վարորդ և հիմա այդ ստորագրահավաքի արդյունքներն ու իրենց դիմում-պահանջը հանձնում են Կառավարությանը:
«Օնլայն տաքսու աշխատակիցները հարկ են վճարում՝ մատուցած ծառայության համար, սակայն որպես գրանցված աշխատակից չեն համարվում: «Յանդեքսի» պարագայում 16,5 տոկոս նվազագույնը, միջինում՝ 21 տոկոս գումար է պահվում վարորդներից, որից պետությանը հարկ է վճարվում, սակայն այդ պայմաններում այդ աշխատակիցները հետագայում թոշակի խնդիր են ունենալու, ինչպես նաև՝ ԴԱՀԿ-ի խնդիրները չեն կարողանում հաղթահարել։ Պետությո՛ւն, դու որ այդքան հարկ ես վերցնում ինձնից, ի՞նչ ես տալիս փոխարենը՝ ո՛չ անվտանգություն ես ապահովում, ո՛չ իրավունքների ոտնահարումից պաշտպանություն։
Վարորդներից 40 հազարից ավելին 200 հազար դրամից ավելի են վաստակում, բայց իրենք չեն օգտվում ապահովագրության ծրագրից: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասում է՝ «վարորդներին վարկ տանք», էս մարդիկ վարկ չեն ուզում»,- ասաց Մանուկյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օնլայն տաքսիների վարորդներն ակցիա են կազմակերպել Երևանում՝ բողոքելով իրենցից գանձվող բարձր տոկոսներից։ Վարորդները պահանջում են, որ ամեն պատվերից վարորդից գանձվող տոկոսադրույքն իջեցվի, իրենք էլ գրանցվեն որպես օրինական աշխատողներ, որ կարողանան նաև օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից։
Արձագանելով վարորդների այս բողոքին՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասել էր, որ առաջիկայում կքննարկեն այս հարցերը և կհասկանան՝ ինչ հնարավորություններ կան մինչև 2027 թ. հունվարի 1–ն օնլայն տաքսու վարորդներին ընդգրկելու առողջապահության ապահովագրության ծրագրում: