Սինոդական կառույց ստեղծելը նշանակում է եկեղեցու տրանսֆորմացիա, որը կարող է ծանրագույն վնաս հասցնել հայ ժողովրդին. կրոնագետ
27/02/2026 12:31

Սինոդական կառույց ստեղծելը նշանակում է եկեղեցու տրանսֆորմացիա, որը կարող է ծանրագույն վնաս հասցնել հայ ժողովրդին. կրոնագետ

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն առաջարկել է սինոդական կառույց ստեղծել՝ որպես իշխանություն-եկեղեցի հարաբերություններում ճգնաժամից ելք։ Այս հայտարարությունը նա արել է Վիեննայում գումարված Եպիսկոպոսական հավաքի բացման նիստի իր ուղերձում:

Կրոնագետ, փիլիսոփա Վարդան Խաչատրյանն Aysor.am-ի հետ զրույցում մեկնաբանում է՝ սինոդական կառույցը մի քանի անձից կազմված կառույց է, որը ղեկավարում է եկեղեցին։ Այսպիսի կառույց, կրոնագետի խոսքով, կան բողոքական եկեղեցիներում՝ դանիական, լյութերական։

Վարդան Խաչատրյանն ընդգծեց՝ մեր եկեղեցին անհիշելի ժամանակներից միաբևեռ կառույց է, համանման փոփոխությունն արմատապես փոխելու է եկեղեցու ստրուկտուրան, եկեղեցու հարաբերությունները, նրա միաբևեռությունը ու համայն հայ ժողովրդի ինքնության  պահպանման խնդիրները։

«Երբ վերանայում ես 1700-ամյա կառույցի ստրուկտուրան, նշանակում է, որ տեղի են ունենալու արմատական փոփոխություններ  հարաբերությունների մեջ, առավել ևս, երբ եկեղեցին համաշխարհային կառույց է, սփռված է աշխարհով մեկ, հետևաբար, յուրաքանչյուրն առանձին շահեր է ի վիճակի լինելու սպասարկել ներսում»,- նշեց կրոնագետ Խաչատրյանը։

Ժամանակին սինոդ ունենալու գաղափարի գլխավոր ջատագովը եղել է Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Զաքարիա Կաղզվանցին, որն իրեն էր համարում կաթողիկոս դառնալուն արժանի՝ արդյունավորությամբ և արժանիքներով իրեն վեր դասելով Մայր Աթոռի բոլոր եպիսկոպոսներից։ Արդյո՞ք պատահական է, որ նման առաջարկով հիմնականում հանդես են գալիս Պոլսից՝ Վարդան Խաչատրյանը զերծ մնաց մեկնաբանելուց, ընդգծեց՝ դա կարող է բազմաթիվ ենթադրությունների տեղիք տալ։

«Ուղղակի նշում եմ, որ այդպիսի կառույցը ուժերի տարաբաշխման, ուժերի փոշիացման, հայ ժողովրդի ընդհանրական շահերի սպասարկմանը կարող է լուրջ խոտորնակ հանդիսանալ»,- նշեց նա։

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի այս առաջարկը նշանակում է եկեղեցու տրանսֆորմացիա։ Ըստ կրոնագետի՝ բոլոր նրանք, ովքեր պայքարում են, որ եկեղեցին տրանսֆորմացվի, որ կարելի է Վեհափառ Հայրապետին հանել ու նոր Վեհափառ ընտրել, ուղղակի չեն պատկերացնում պրոցեսի խորությունը, որը կարող է ծանրագույն վնաս հասցնել հայ ժողովրդին, տարանջատել նրա եկեղեցին։

«Այսպես ասենք՝ 1700 տարվա եկող կենդանի հոսքը շատ լուրջ արմատական փոփոխությունների ենթարկելու դեպքում կարող ենք ծանրագույն կորուստներ ունենալ, հատկապե սփյուռքի բաժնում»,- նշեց նա։

Վարդան Խաչատրյանը հույս ունի, որ նման փոփոխություններ տեղի չեն ունենա, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին անսասան կմնա։

«Եթե դրանք տեղի ունեցան, իրենց հետ բերելու են բազմաբնույթ այլ փոփոխություններ, որոնց նույնիսկ մանրամասն նկարագիրը այդ մարդիկ չեն կարողանա տալ, եթե հարցնես՝ ինչպիսի՞ մարտահրավերներ են բերելու իրենց հետ այդ տրանսֆորմացիաները, որևէ լուրջ բացատրություն չեն կարողանալու տալ»,- հավելեց կրոնագետ Վարդան Խաչատրյանը։

Հեղինակ`Անի Վարդանյան
Սինոդական կառույց ստեղծելը նշանակում է եկեղեցու տրանսֆորմացիա, որը կարող է ծանրագույն վնաս հասցնել հայ ժողովրդին. կրոնագետ