Պարտադրված պատերազմում Իրանը կգործի առանց կարմիր գծերի. Շիրղոլամի
02/03/2026 16:29

Պարտադրված պատերազմում Իրանը կգործի առանց կարմիր գծերի. Շիրղոլամի

Իրանին պարտադրված ագրեսիայի նկատմամբ խիստ վճռական դիրքորոշում պետք է հայտնի միջազգային հանրությունը և նրանք պետք է կանգնեն ագրեսիայի ենթարկվածի և զոհի կողքին, Երևանում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ նշելով, թե իրենք կարող են կազմակերպել իրենց ինքնապաշտպանությունը։

«Կարիք չունենք, որ որևէ մեկը գա և պատերազմի մեզ համար։ Սակայն, մեր գործընկերների համագործակցությունը և աջակցությունն այս հարցում մեզ համար կարևոր է»,-ասաց դեսպանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե Իրանի կողմից թիրախավորվել են այն երկրները, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաները, հետևաբար այդ երկրներն Իրանին կարող են դիտարկել որպես թշնամի՝ դեսպանն արձագանքեց.

«Սա պատերազմ է, և այս պատերազմը մենք չենք ընտրել, այն մեզ պարտադրվել է։ Հնարավոր չէ, որ տարածաշրջանում գտնվող երկրների տարածքում տեղակայված ռազմաբազաները տարբեր ձևով օգտագործվեն Իրանի դեմ և մենք ուղղակի նստենք ու նայենք։ Այս պատերազմը մեր գոյատևման և Իրանի լինել-չլինելու մասին է։ Այս հարցում այն բոլոր ուժերը, որոնք աջակցում են և որևէ կերպ համագործակցում են Իրանի դեմ ագրեսիա իրականացրած պետության հետ, մենք իրենց հետ դիմադրության հարցում որևէ կարմիր գիծ չունենք»։