.jpg)
Անվավեր ճանաչվեց Հանրային ռադիոյի տնօրենի ևս մեկ ապօրինի որոշում. փաստաբանը՝ լրագրողին խիստ նկատողություն հայտնելու որոշման մասին
Անվավեր ճանաչվեց Հանրային ռադիոյի տնօրենի ևս մեկ ապօրինի որոշում. գրել է փաստաբան Կարինե Ղաշանգյանը՝ անդրադառնալով Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի՝ «Ռադիոլուր» ծրագրի ավագ լրագրող Ալիսա Գևորգյանին նկատողություն հայտնելու որոշմանը։
Փաստաբանը գրել է. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ2/4514/02/25 վճռով (նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան) անվավեր է ճանաչվել Հանրային Ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի որոշումը՝ Ռադիոլուր ծրագրի ավագ լրագրող Ալիսա Գևորգյանին խիստ նկատողություն տալու մասին։
Դատարանի գնահատմամբ՝ որոշման համար իրավական հիմք հանդիսացած որոշումը (Հանրային հեռարձակողի խորհրդի 2019թ. 52-Լ որոշումը) և հավելվածը կորցրել են իրենց իրաբանական ուժը դեռևս 2020 թվականից՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչվելու հետևանքով, ինչպես նաև վիճարկվող հրամանում նշված իրավական հիմքը և կիրառված կարգապահական տույժը չեն համապատասխանում միմյանց։
Հիշեցնեմ, որ Ալիսա Գևորգյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, Հովհաննես Իշխանյանի գրառումամբ ֆեյսբուքյան հարթակում կիսվելու համար։ Ալիսայի նկատմամբ կիրառվել էր ևս մեկ կարգապահական տույժ՝ նկատողություն, Արամ Աբրահամյանի գրառմամբ կիսվելու համար, որը ևս դատարանի որոշմամբ ճանաչվել է անվավեր»։