.jpg)
«Եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ»․ Անդրեասյանը հերքեց, որ ասել է՝ շինարարական խնդիրների պատճառով է Գզոյանը հեռացվել
Ես տիկին Էդիտա Գզոյանին շատ գնահատում եմ որպես գիտնական, գնահատում եմ նրա գործունեությունը և գտնում եմ, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի՝ այդ թվում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Էդիտա Գզոյանին թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից ազատելու որոշմանը։
«Կարծում եմ, որ մեր համագործակցությունը ամենևին սպառված չէ, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, որը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ, և կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն։ Ինձ համար հարցը սպառված է, որովհետև եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ և այդ իրավիճակն ունեցել է իր հանգուցալուծումը»,-ասաց նա։
Ժաննա Անդրեասյանն, ի դեպ, հերքեց այն տեղեկությունը, թե թանգարանի աշխատակիցներին ասել է, որ շինարարական խնդիրների պատճառով է Էդիտա Գզոյանը հեռացվում. «Ես նման բան չեմ ասել, ես հենց սկզբից էլ ավելի շատ հարցը բարձրացրել եմ կառավարման մասով»։
Նշենք, որ Էդիտա Գզոյանը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից հեռացվել էր ԱՄՆ փոխնախագահին Արցախի վերաբերյալ գիրք նվիրելու պատճառով։