.jpg)
Տավարի միսը Հայաստանում թանկացել է․ դեֆիցիտ, ներմուծման խնդիրներ և սխալ քաղաքականություն. Մանրամասներ
Հայաստանում տավարի մսի գների կտրուկ աճը պայմանավորված է ինչպես ներքին արտադրության անկմամբ, այնպես էլ արտաքին շուկաներում առաջացած խնդիրներով։ Մասնագետները նշում են՝ շուկայում արդեն առկա է դեֆիցիտ, իսկ առանց պետական միջամտության իրավիճակը կարող է չկայունանալ։
Գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանի խոսքով՝ խնդրի հիմնական պատճառը խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կտրուկ նվազումն է։
«Այդ բացը հնարավոր էր լրացնել Ռուսաստանից ներկրելով, բայց այս տարի Ռուսաստանում էլ խնդիր կա. հիվանդության պատճառով մեծ ծավալներով խոշոր եղջերավոր կենդանիների սպանդ է տեղի ունենում։ Ռուսաստանը 2025 թվականին ներկրել է 570 հազար տոննա խոշոր եղջերավոր անասունի միս»,- նշեց նա։
Մնացականյանի խոսքով՝ արդյունքում Ռուսաստանից ներկրումն էլ գրեթե անհնարին է դարձել, ինչն էլ հանգեցրել է գների աճի․ «Տավարի ոսկորոտ միսը 3400 դրամից դարձել է 4000 դրամ»։
Նա ընդգծեց, որ մսի դեֆիցիտ է նկատվում նաև Ղազախստանում, որտեղ սահմանափակվել է արտահանումը՝ տեղական շուկայում գների աճը զսպելու նպատակով։
Անդրադառնալով առաջիկա զարգացումներին՝ ֆերմերը նշեց, որ գների դինամիկան կախված է ներմուծումից․
«Եթե Բրազիլիայից ու Հնդկաստանից կարողացան սառեցված միս էժան գնով ներմուծել, դրանով գնաճը կզսպեն, եթե չներմուծվեց, ապա որոշակի չափով էլ գնաճ կլինի»։
Նրա կանխատեսմամբ՝ ներկայիս գինը կպահպանվի առնվազն մինչև սեպտեմբեր։
Հարցին, թե խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի նվազումն ինչո՞վ է պայմանավորված, Հարություն Մնացականյանը պատասխանեց. «Սխալ պետական քաղաքականությամբ»։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ՝ մսի գնի բարձրացումն ագրարային քաղաքականության բացակայության հետևանք է։
«Շուկայում ունենք դեֆիցիտ, իսկ այն երկրները, որոնցից ներմուծում էինք և կարողանում էինք զսպել գները, ևս ունեն խնդիրներ»։
Պիպոյանի խոսքով՝ գնաճի վրա ազդում է նաև սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը, որը, նրա գնահատմամբ, տնտեսապես արդյունավետ չի աշխատում։ Բացի այդ, նա ընդգծում է, որ փոխվել է նաև մեծածախ գինը․ գյուղացիներն ավելի թանկ են վաճառում՝ պայմանավորված անասնակերի թանկացմամբ, արոտավայրերի կրճատմամբ և անասնապահությամբ զբաղվողների թվի նվազմամբ։
«Ունենք արոտների խնդիր, չունենք տավարաբուծության զարգացման ծրագիր։ Այն ծրագրերը, որոնց մասին խոսվում է, հիմնականում վերաբերում են կաթնատու տեսակներին, ոչ թե մսատուին»,- նշեց նա։
Պիպոյանի գնահատմամբ՝ ոլորտում փաստացի բացակայում է պետական ռազմավարությունը․
«Տավարաբուծության, մսատվության հետ կապված որևէ ծրագիր պետությունը չունի, այսինքն՝ իներցիայի վրա ենք։ Խնդրի լուծման համար պետության կողմից իրականացվող քայլերը զրոյական են։ Տեքստեր՝ ահավոր շատ, գործողություններ՝ ահավոր քիչ։ Տեքստերի պակաս, անխոս, չունենք։ Եթե հիմա զանգեք Էկոնոմիկայի նախարարություն, կասեն, որ իրենք տավարաբուծության ծրագիր ունեն։ Երկար կպատմեն խելացի անասնագոմերի մասին։ Ընդամենը մի հարց կտաք՝ կաթնատո՞ւ, թե՞ մսատու տեսակի կենդանիների համար է այդ ծրագիրը։ Միանգամից կասեն, թե չէ, դա մսատուների վրա չի տարածվում և կհասկանաք, որ այն, ինչ ասում էի, դարձավ ճիշտ»։
Պիպոյանը նաև զգուշացնում է, որ առանց պետական միջամտության՝ դեֆիցիտը չի վերանա․ «Առանց միջամտության՝ ինքն իրենով այս դեֆիցիտը չի փակվի»։
Այս պահին շուկայում տավարի ոսկորով միսը վաճառվում է շուրջ 4000 դրամով, իսկ ոսկրահան միսը՝ 5000-6200 դրամի սահմաններում։
Մասնագետների գնահատմամբ՝ եթե իրավիճակը չկարգավորվի, տավարի միսը կարող է աստիճանաբար դառնալ ավելի քիչ հասանելի լայն սպառողների համար։