.jpg)
Գումի շուկա․ մարդիկ, որոնք 30 տարուց ավելի պահում են Երևանի համը․ Լուսանկարներ
Երևանի ամենակոլորիտային վայրերից մեկում՝ Գումի շուկայում, առևտուրը վաղուց միայն ապրանքների վաճառք չէ։ Այստեղ յուրաքանչյուր վաճառող իր պատմությունն ունի, յուրաքանչյուր կրպակ՝ իր հոտն ու գույնը։
Մխչյան գյուղից տիկին Անահիտը արդեն շուրջ 30 տարի է՝ աշխատում է շուկայում, զբաղվում է չրագործությամբ։ Ասում է՝ վաճառվող չրերի մի մասն իրենք են պատրաստում, մյուս մասը՝ գնում Հայաստանի տարբեր մարզերից։

«Մեզ մոտ միայն հայկական բերք է»,- նշում է նա։
Գնորդների մեջ թե՛ տեղացիներ կան, թե՛ օտարերկրացիներ, սակայն վերջիններս ավելի հաճախ գնում են՝ իրենց հետ տանելու համար։ Տիկին Անահիտն ասում է, թե վերջին տարիներին վաճառքը նվազել է։

Նույն ճանապարհն է անցել նաև Սաթենիկ Գալստյանը, ով շուկայում է արդեն 32 տարի։ 90-ականներին, երբ գործարանները փակվում էին, ստիպված նոր աշխատանք են փնտրել ու կանգ առել շուկայի վրա։ Սկզբում մրգեր են վաճառել, հետո՝ նաև չիր, իսկ ժամանակի ընթացքում սկսել են նաև ինքնուրույն արտադրել։
«Բերքը գնում ենք տարբեր մարզերից, մարդիկ գալիս են, համտեսում են, հավանում ու գնում»,- ասում է նա։
Սակայն հավելում է՝ իրավիճակը միշտ չէ, որ կայուն է․
«Երբ տարածաշրջանում լարվածություն է լինում, չվերթերը պակասում են, առևտուրն էլ է նվազում»։

Գների ձևավորման մասին խոսելիս նշում է, որ հաշվում են բերքի արժեքը, մշակման ծախսերը, տարածքի վարձը և փորձում այնպես վաճառել, որ յուրաքանչյուր կիլոգրամից մոտ 500 դրամ շահույթ ունենան։
Հարցին, թե լինո՞ւմ են օրեր առանց վաճառքի, պատասխանում է կարճ. «Այնքա՜ն»։
Նրա խոսքով՝ ամենաբարդ շրջանը եղել է կորոնավիրուսի համաճարակի ամիսներին։

Շուկայում կարելի է գտնել նաև տարբեր համեմունքներ, թեյեր ու դեղաբույսեր։ Վաճառողներից մեկը նշում է, որ դրանք հիմնականում հավաքվում են Հայաստանի սարերից, ապա փաթեթավորվում ու վաճառվում։
«Պահանջարկ կա, մենք էլ չենք դժգոհում։ Գնորդների աշխարհագրությունը մեծ է, բայց հիմնականում ռուսներ են»,- ասում է նա՝ հավելելով, որ ամենապահանջվածը տարբեր խոտաբույսերից պատրաստված թեյի խառնուրդն է։

32 տարվա փորձ ունի նաև Լիանա Խաչատրյանը, ով զբաղվում է թթու մթերքի վաճառքով։
«Հենց սկզբից թթու եմ վաճառել, հետո տեսականին մեծացրել ենք»,- պատմում է նա։

Այսօր արդեն մթերքի մեծ մասն իրենք են մշակում ու վերամշակում։ Ամենապահանջված ապրանքներն են թթու ծիծակը և թուրշին։ Լիանա Խաչատրյանի խոսքով, այս աշխատանքը հեշտ չէ․ մթերքը խնամք է պահանջում, այդ պատճառով միանգամից մեծ քանակով չեն պատրաստում։
Իսկ ձմռանը, հակառակ ամռան, և՛ վաճառքն է ավելանում, և՛ խնամքն է հեշտանում։

Պանրի բաժնում աշխատող Վահանն էլ ասում է, որ շուկա է եկել դեռ ուսանողական տարիներին՝ օգնելու մայրիկին, հետո արդեն մնացել է այս գործի մեջ։
«Հաճախորդները նախ համտեսում են, հետո դառնում են մշտական գնորդ»,- նշում է նա։
Ամենապահանջվածը հայկական չանախ պանիրն է, իսկ գնորդների մեծ մասը՝ տեղացիներ։
Սակայն այստեղ էլ խնդիրներ կան, հատկապես ամռանը․ «Փորձում ենք պանիրը պահել այնպես, որ չփչանա»։
Չնայած բոլոր դժվարություններին՝ Գումի շուկան շարունակում է մնալ մի վայր, որտեղ մարդիկ գալիս են ոչ միայն գնումների, այլև՝ համերի, հոտերի ու գույների հետևից։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)