.jpg)
«Չեմ կարող երևակայել հոգևորական, որ գումարի դիմաց սկզբունքներին դավաճանի, իրեն հարգող աղանդավորն էլ այդպիսի վարքուբարք չի որդեգրի». ՔԿՀ-ներում հոգևորականներին կանչել են հանդիպման
Եկեղեցու դեմ արշավը հասել է Քրեակատարողական հիմնարկներ։ Երեկ Aysor.am-ը գրել էր, որ արգելվել է Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի մուտքը ՔԿՀ։ Այսօր էլ Aysor.am-ին հայտնի դարձավ, որ արգելվել է ևս մեկ հոգևորականի՝ Տեր Վահան քահանա Ազարյանի մուտքը «Վանաձոր» ՔԿՀ։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Հոգեշնորհ Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, ասաց, որ Տեր Վահանը, երբ հերթական անգամ այցելել է բանտ, նրան ասել են, որ հետայսու պետք է անցագրով մտնի ՔԿՀ, մինչդեռ մինչ այդ Տեր Հայրը երբևէ անցագրի կարիք չի ունեցել։
«Ցանկացած հոգևորական, որտեղ պաշտոնավարել է, բանտի ղեկավարի միջոցով ձեռք է բերում իր անցաթուղթը, իսկ երբ Տեր Վահանը փորձել է ձեռք բերել անցաթուղթը, չեն տվել՝ պատճառաբանելով, որ կենտրոնական ծառայությունից պետք է ստանա անցաթուղթ, իսկ կենտրոնական ծառայությունը կապի դուրս չի գալիս հոգևորականների հետ, մեզ անհայտ պատճառներով ընդհատվել է կապը, նամակ ենք գրել, նամակին էլ արձագանք չկա»,- մանրամասնեց Հայր Իսահակը։
Հայր Սուրբը նշեց, որ մինչև վերջերս ՔԿՀ ղեկավարության հետ շատ ջերմ հարաբերություններ են ունեցել, փոխադարձ վստահություն՝ անկախ ամեն ինչից։
«Մենք մեր աշխատանքը կազմակերպել ենք հավուր պատշաճի, իրենք շատ օպերատիվ արձագանքել են մեր խնդրանքներին, դիմումներին, անկախ մեր ունեցած տարակարծություններից՝ մենք առնչվել ենք բավական կառուցողական միջավայրում, մարդկային հարաբերությունները երբևէ չեն տուժել»,- նշեց Հայ Իսահակը՝ ընդծելով, որ իր համար անակնկալ է ՔԿԾ ղեկավարության այս պահվածքը, ինքը տեղի չի տվել, որ իր հետ այս ձևով վարվեն։
Հոգևորականներին ՔԿԾ-ում հանդիպման են հրավիրել, առաջարկներ են արել, այս ամենի մասին հայտնի է նաև Հայր Իսահակին։
Հայր Սուրբից հետաքրքրվեցինք՝ առաջարկել են դե՞մ դուրս գալ Վեհափառ Հայրապետին՝ Հայր Իսահակը նշեց, որ չի կարող այդպես բնորոշել, բայց, ինչպես բանակի պարագայում էր, նույն սկզբունքով էլ առաջարկ են արել հոգևորականներին։
«Ինձ համար այդ ամենը տարօրինակ է, որովհետև, ինչքան էլ միջոցները կարևոր լինեն մարդու կյանքում, հոգևորականի կյանքը իմաստավորվում է ծառայության մեջ, ես երբևէ չեմ կարող երևակայել հոգևորական, որն իր ճամփի մեջ է, իր ծառայության մեջ է ու իրեն գումար են առաջարկում, իրեն հարգող աղանդավորն էլ այդպիսի վարքուբարք չի որդեգրի, որ ինչ-որ հոգևորական ինչ-որ գումարի դիմաց սկզբունքներին դավաճանի, ինչ-որ սկզբունքներ որդեգրի ու ինչ-որ հարցերի մատների արանքով նայի։ Ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, շատ լավ պատկերացնում են, բայց փորձում եմ գնահատականներից զերծ մնալ, ես լավատես մարդ եմ ու մտածում եմ, որ այն ծառայությունը, որ մենք շատ դեպքերում ինքնաբուխ, ինքնազոհ կերպով, շատ դեպքերում առանց որևէ վարձի իրականացրել ենք, հաստատ չենք արել նրա համար, որ մի գեղեցիկ օր մեզ հրավիրեն ու ինչ-որ աշխատավարձ առաջարկեն»,- ընդգծեց Իսահակ վարդապետ Պողոսյանը։
Հայր Սուրբից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ այս ամենը պայմանավորված է նաև նրանով, որ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել, որով Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի կազմում փոփոխություններ է կատարել, ըստ որի՝ Ռուբեն վարդապետ Զարգարանի փոխարեն նշանակել էր կարգալույծ Արման Սարոյանին։ Հայր Իսահակն ասաց, որ Հայր Ռուբենի փոխարեն պետք է ինքը լիներ, համապատասխան նամակը ուղարկվել է հենց այն օրը, որ օրը ձերբակալեցին Արշակ Սրբազանին։
«Դա ինձ համար տարօրինակ է»,- նշեց Հայր Իսահակը։
Այս իրավիճակը, Հայր Իսահակի խոսքով, ազդում է ոչ միայն դատապարտյալների, այլ նաև հոգևորականների վրա։
«Ո՞նց կարող է չազդել, մենք էլ միս ու արյունից ենք, եթե ազդում է դատապարտյալի վրա, բնականաբար, մեզ վրա էլ կազդի»,- հավելեց Իսահակ վարդապետ Պողոսյանը։