Իշխանությունը ոտնակոխ արեց ազգային և միջազգային իրավունքի բոլոր հանրահայտ սկզբունքները․ Գևորգ Դանիելյանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին
09/04/2026 19:55

Իշխանությունը ոտնակոխ արեց ազգային և միջազգային իրավունքի բոլոր հանրահայտ սկզբունքները․ Գևորգ Դանիելյանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին

Ազգային Ժողովի ՔՊ խմբակցությունը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունները, սակայն որքանո՞վ են դրանք համապատասխանում ՀՀ Սահմանադրության սկզբունքներին։ Այս հարցի շուրջ Aysor.am-ը զրուցել է իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանի հետ։

«Սահմանադրությամբ (103-րդ հոդված) նախատեված է ընդամենը 7 սահմանադրական օրենք, որոնցից մեկն էլ Ընտրական օրենսգիրքն է, և հաշվի առնելով այդ իրավական ակտերի առանցքային նշանակությունը, սահմանվել է դրանց ընդունման բարձր նվազագույն շեմ՝ պետք է կողմ քվեարկի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-րդը: Այս ամենը հուշում է սահմանադրական օրենքների անհամեմատ մեծ իրավական արժեքը», - ասել է Դանիելյանը։ 

Մինչդեռ մենք, նրա խոսքով, ականատեսը եղանք օրինաստեղծ գործունեության տարրական պահանջների նկատմամբ ակնհայտ անհարգալից և զուտ իրավիճակային քաղաքական շահ հետապնդող նկրտումների:

«Իշխող ուժը պարզապես որոշեց ոտնակոխ անել ազգային և միջազգային իրավունքի բոլոր հանրահայտ սկզբունքները՝ սոսկ ղեկավարվելով ընտրական գործընթացին մասնակցելու հայտ ներկայացրած և առավել մեծ կշիռ ունեցող քաղաքական ուժի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ քայլեր նախաձեռնելու նկրտումներով: Ըստ այդմ էլ, նսեմացնելով հանրային քննարկումների նշանակությունը, օրինագծեր մշակելու նեղ մասնագիտական բարդությունները, ընդամենը 1 օրվա ընթացքում ստացան դրական փորձագիտական եզրակացություն, օրինագիծը քննվեց մշտական հանձնաժողովում և ընդունվեց 1-ին և 2-րդ ընթերցմամբ: Սա միջազգային փորձի համատեքստում հերթական աննախադեպ ռեկորդներից է, որով, սակայն, չենք կարող հպարտանալ», - նշել է Գևորգ Դանիելյանը։

«Այսպիսի գործելաոճը ոչ միայն բացահայտում է դեռևս իշխող քաղաքական ուժի խորքային անհանգստությունը, այլև Սահմանադրության շրջանցմամբ ցանկացած ոչ իրավաչափ քայլի դիմելու պատրաստակամությունը», - հավելել է Դանիելյանը։

Հարցին՝ արդյոք Ընտրական օրենսգրքի այս փոփոխությունները գործնականում կարո՞ղ են ազդել ընտրական գործընթացների թափանցիկության վրա, Գևորգ Դանիելյանը պատասխանել է․

«Հիշյալ փոփոխությունները ծայրեծայր հագեցված են զուտ տեխնիկական նորմերով, որպեսզի իբր դրանց առատության համատեքստում անուշադրության մատնվի իրենց առանցքային թիրախը, այն է՝ «կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն» (օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մաս): Ընդ որում, այդ նախաձեռնությամբ հանդես են եկել իբր շփոթությունները բացառելու համար, սակայն գործնականում հենց շփոթ առաջացնելու անթաքույց նկրտում են դրսևորել:

Եթե գործնականում գոնե նվազագույն չափով լիներ ընտրական օրենսդրությունը բարելավելու և ընտրական գործընթացներն առավել արդար ու թափանցիկ դարձնելու նպատակ, ապա վաղուց լրջագույն քննարկման հարց կդառնար գոնե ընտրական ցուցակների անհիմն ուռճացված պատկերը: Մի պարզ օրինակ՝ 1991թ. համեմատ, երբ բնակչությունը 2021թ. նվազել է շուրջ 750 հազարով, ընտրական ցուկացներում ընդգրկված անձանց թիվը ավելացել էր շուրջ 450 հազարով:

Խոսում եք թափանցիկության մասին, բայց անշուշտ չեք մոռացել, որ սրանից ընդամենը 2 ամիս առաջ էլ, հունվարի 23-ին, նույն օրենսգրքում փոփոխություններ կատարելով էապես սահմանափակեց դիտորդների գործունեությունը»։

Գևորգ Դանիելյանի խոսքով՝ այդ փոփոխությունները որոշ կուսակցությունների, դաշինքների համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու նպատակով են արվել:

«Վերը նշված երկու օրենքներով էլ իշխանությունը անթաքույց ձգտել է շահեկան դիրք ապահովել մյուս քաղաքական ուժերի նկատմամբ: Մասնավորապես, դիտորդների կտրվածքով վարվել են այնպես, որ հնարավորինս բացառվի վարչական ռեսուրսների աննախադեպ ծավալով չարաշահման և տարաբնույթ այլ իրավախախտումների դեպքերի բացահայտումը:

Չեմ կարծում, որ այս նախաձեռնությունների հեղինակները տեղյակ չեն միջազգային չափանիշներից, քանզի տարիներ առաջ հենց իրենք էին պարբերաբար խոսում դրանց մասին: Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի դեռևս 2002թ. հոկտեմբերի 30-ի ընդունած «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագրքի» 2-րդ կետի համաձայն՝ անկախ նոր օրենսդրական դրույթների նշանակությունից, չի կարելի դրանք կիրառման մեջ դնել ուժի մեջ մտնելուց առնվազն մեկ տարվա ընթացքում, քանի որ դա էապես նվազեցնում է իշխանության նկատմամբ անհրաժեշտ վստահությունը: Ընդ որում, այս կանոնը, որոշ վերապահումներով, ամրագրված է նաև ԵԽ ՆԽ բանաձևերով: Իսկ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն. «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա  գործող մարմինների պրակտիկան»: Իսկ թե ինչպես են հաշվի առնում այդ մարմինների պրակտիկան, դատեք ինքներդ»:

Գևորգ Դանիելյան ընգծում է՝ այս փոփոխությունները իրավիճակային են, ուստի հարկ է պատեհ առիթով հնարավորինս սեղմ ժամկետում դրանք ամբողջովին ուժը կորցրած ճանաչել և ձեռնամուխ լինել հիրավի ողջամիտ և հեռանկարային օրենսդրական լուծումների.

«Միջազգային իրավաստեղծ փորձին ծանոթ է, այսպես կոչված՝ «Գիլյոտինի սկզբունքը», երբ մի օրենքով՝ ուժը կորցրած են ճանաչվում բոլոր հակասահմանադրական, բացառապես իշխող քաղաքական ուժի շահերի սպասարկման համար նախատեսված, զուտ իրավիճակային օրենսդրական ակտերը»։

Իշխանությունը ոտնակոխ արեց ազգային և միջազգային իրավունքի բոլոր հանրահայտ սկզբունքները․ Գևորգ Դանիելյանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին