Կարո՞ղ է Սամվել Կարապետյանը տեսաուղերձով հանդես գալ
10/04/2026 11:15

Կարո՞ղ է Սամվել Կարապետյանը տեսաուղերձով հանդես գալ

Տևական ժամանակ է՝ քննարկվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի տեսաուղերձով հանդես գալը։ 

Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը հայտարարել էր, որ Սամվել Կարապետյանի՝ հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը վերացվել է, սակայն տեսաձայնային ուղերձով հանդես գալու հնարավորությունը որևէ կերպ ամրագրված չէր: 

Հարցի վերաբերյալ դիմում-հարցում էր ներկայացվել թե՛ քննչական մարմնին, թե՛ հսկող դատախազին, քննչական մարմնից ստացված պատասխանը, ըստ Վարդևանյանի, համարժեք էր մերժմանը։

Aysor.am-ն այս հարցով դիմել է դատախազություն՝ խնդրելով մեկնաբանել՝ կա՞ արդյոք որևէ խոչընդոտ Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձով հանդես գալու, օրինակ՝ հենց այսօր։

«ՀՀ դատախազության կողմից կոնկրետ քրեական վարույթներից դուրս իրավական գնահատականներ չեն տրվում»,- ի պատասխան ասել են դատախազությունից։

Ինչ վերաբերում է փաստաբանների դիմում-հարցմանը՝ դատախազությունից ասացին, որ Գլխավոր դատախազությունը Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմին ներկայացրել է դիրքորոշումը։

Հեղինակ`Անի Վարդանյան