Ադրբեջան ապրանքների արտահանման բոյկոտի ռիսկ միշտ կարող է լինել. Տնտեսագետ
30/04/2026 21:21

Ադրբեջան ապրանքների արտահանման բոյկոտի ռիսկ միշտ կարող է լինել. Տնտեսագետ

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայտարարել է՝ Հայաստանի ու Ադրբեջանի գործարարների միջև հանդիպումներ են տեղի ունենում, առաջիկայում Հայաստանից արտահանումներ կլինեն Ադրբեջան։

Aysor.am-ի հետ զրույցում տնտեսագետ Կարեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր տնտեսական կապերը դեռևս ձևավորման փուլում են, ուստի դրանց շահավետությունը  դեռևս լիովին գնահատված չէ։

«Ադրբեջանի շուկան տեսականորեն կարող է լրացուցիչ հնարավորություն լինել Հայաստանի համար, սակայն այդ  գործընթացը արագ և լայնածավալ չի կարող լինել, քանի որ առնվազն 30 տարի  առևտրային կապեր չեն եղել, և դրանք նորից պետք է կառուցվեն ինչպես լոգիստիկ, այնպես էլ գործարար մակարդակով։ 

Առաջին փուլում առավել հավանական են սահմանափակ փոխանակումներ՝ հիմնականում էներգակիրների կամ առանձին ապրանքների մակարդակով։ Ավելի լայն առևտուրը հնարավոր կլինի միայն ժամանակի ընթացքում՝ կախված պահանջարկից, գներից և տեղափոխման պայմաններից։ Հայաստանի շուկան բավական փոքր է, ուստի ցանկացած նոր արտաքին շուկա պետք է նախապես գնահատվի։ Այս պահին դեռևս հաշվարկներ չկան  և, կարծում եմ, հիմա ոչ ոք չի կարող հստակ ասել՝ որ ապրանքները ինչ պահանջարկ կունենան։ Ներկրման մասով պարզ է, որ էներգակիրների նկատմամբ Հայաստանը միշտ պահանջարկ ունի և հանդիսանում է ներմուծող։ Այդ առումով լոգիստիկ ուղիներով էներգակիրների մատակարարումը կարող է բավական ձեռնտու լինել ։ 

Մնացած ապրանքների դեպքում պետք է գնահատել՝ արդյոք կա՞ պահանջարկ, և արդյոք տվյալ ապրանքը Հայաստանում արտադրվածից ավելի էժան կամ ավելի որակյա՞լ է։ Սա շուկայական հարաբերությունների բնական մեխանիզմն է, և ժամանակի ընթացքում դա ինքնուրույն կկարգավորվի, եթե ճանապարհները բացվեն։ 

Բացի այդ, պետք է հաշվի առնել տեղափոխման ծախսերը և մաքսային գործընթացները, քանի որ սա ԵԱՏՄ երկրի հետ հարաբերություն չէ, և վերջնական ինքնարժեքը պետք է հաշվարկվի՝ արդյոք այն շահավե՞տ է, թե՞ ոչ։

Կարեն Սարգսյանի խոսքով՝  տնտեսական հարաբերություններում միշտ պետք է հասկանալ՝ կա՞ իրական տնտեսական շահ, և համեմատել տարբեր տարբերակներ։ 

Տնտեսագետը նաև ընգծել է՝ կան նաև ռիսկեր՝ քաղաքական անորոշություն, հասարակության վերաբերմունքը և որոշ ապրանքների մրցունակության հարցը.

«Պետք է հաշվի առնել, որ սա ավելի շատ երկարաժամկետ  աստիճանական գործընթաց է, քան արդեն ձևավորված տնտեսական հնարավորություն։ Կա նաև անցյալի ազդեցությունը, որը դեռ ամբողջությամբ չի վերացել։ 

Հատկապես սկզբնական շրջանում մեծածավալ հոսքեր չեն սպասվում, բացառությամբ՝ հնարավոր էներգակիրների ներմուծման։ Արտահանման դեպքում խոսքը կարող է լինել միայն սահմանափակ՝ մի քանի ապրանքների մակարդակով։ Այս գործընթացը պահանջում է ժամանակ և մանրակրկիտ գնահատում։ Բացի տնտեսականից, կա նաև հասարակական ընկալման հարցը․ օրինակ՝ շատ սպառողների համար կարող է խնդիր լինել, որ ապրանքը արտադրված է Ադրբեջանում։ Նման վերաբերմունք կա նաև հակառակ կողմից, և դա նույնպես պետք է հաշվի առնել։ Հասարակության դեռևս ոչ բոլոր շերտերի կողմից է միանշանակ ընկալվում  գործընթացի խաղաղ կարգավորման հարցը, թշնամանքը երկու ազգերի միջև դեռևս կա, և դա, հնարավոր է, տարբեր ձևերով ավելի ընդգծված լինի որոշ միջավայրերում։ Որևէ մեկը չի կարող մեկ օրում այդ բոլոր կրքերը միանգամից հանդարտեցնել, հետևաբար, սա բավականին  երկարատև գործընթաց է։  Կա նաև հնարավորություն, որ Հայաստանից որոշ ապրանքներ գնան, և դա նաև հասարակությանը կներկայացվի որպես նշան, որ սահմանների ապաշրջափակման գործընթացը սկսվել է։ Դա կարող է ունենալ ոչ միայն տնտեսական, այլև որոշակի հոգեբանական ազդեցություն։ Բայց, միևնույն է, պետք է կրկին ընդգծել, որ Հայաստանի շուկան բավական փոքր է, և ցանկացած գործընթաց պետք է դիտարկել նաև այդ համատեքստում»։

Ադրբեջան ապրանքների արտահանման բոյկոտի ռիսկ միշտ կարող է լինել. Տնտեսագետ