Արցախյան ժենգյալով հացի ավանդույթը շարունակում են Վայքում հաստատված կանայք․ Լուսանկարներ
19/05/2026 12:27

Արցախյան ժենգյալով հացի ավանդույթը շարունակում են Վայքում հաստատված կանայք․ Լուսանկարներ

Անի Եղիազարյանն ապրում է Վայքում։ Երիտասարդ մայրիկը փորձում է համատեղել թե՛ հասարակական գործունեությունը, թե՛ ընտանեկան բիզնեսը։ Սակայն իր նախաձեռնությունը սովորական ձեռնարկատիրություն չէ. նրա շուրջ ձևավորված թիմը բաղկացած է բացառապես Արցախից տեղահանված կանանցից։

Նախաձեռնությունը ոչ միայն նպաստում է կանանց եկամտի ստեղծմանը, այլ նաև ձևավորում է համայնքային համագործակցության և փոխաջակցության միջավայր։



Նրանք միասին պատրաստում են արցախյան խոհանոցի ամենահայտնի ու սիրված ուտեստներից մեկը՝ ժենգյալով հացը։

«2023 թվականին Վայքը հյուրընկալ համայնք դարձավ Արցախից տեղահանված ընտանիքների համար։ Այս պահին այստեղ հաստատվել է ավելի քան ութսուն ընտանիք։ Այդ ամբողջ ընթացքում «Սոցիալական աշխատողների ասոցիացիայի» միջոցով փորձել ենք նրանց սոցիալական և հոգեբանական աջակցություն ցուցաբերել»,- պատմում է Անին։

2025 թվականին նա դիմել է ՄԱԶԾ-ԳԷՀ «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում» ծրագրի փոքր դրամաշնորհների նախաձեռնությանը և ստացել աջակցություն՝ սարքավորման տեսքով։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով՝ WWF-Հայաստանի հետ համագործակցությամբ։

Ծրագրի շրջանակում տրամադրված սարքավորումները հնարավորություն են տվել պահպանել սեզոնային կանաչիները, նվազեցնել սննդի կորուստները և ապահովել արտադրության շարունակականությունը տարվա տարբեր եղանակներին։



Անիի խոսքով՝ դրամաշնորհին դիմելու հիմնական նպատակը արցախցի կանանց համար կայուն եկամտի հնարավորություն ստեղծելն էր՝ միաժամանակ պահպանելով իրենց սիրելի և հարազատ աշխատանքը։ Դրա համար անհրաժեշտ էր սառնարան, որը թույլ կտար սեզոնային կանաչիները պահպանել և օգտագործել ամբողջ տարվա ընթացքում։

«Կանաչիների մի մասը հնարավոր է գտնել նաև սեզոնից դուրս, բայց դրանք շատ թանկ են լինում, և դա ազդում է մեր արտադրանքի ինքնարժեքի վրա։ Մենք ուզում ենք, որ ժենգյալով հացը հասանելի լինի բոլորին»,- ասում է նա։

Նրա համար սա պարզապես բիզնես չէ։ Սա նաև Արցախի խոհարարական ավանդույթները պահպանելու միջոց է։



Կանայք պատվերներն ընդունում ու պատրաստում են միասին՝ ներգրավելով տարբեր ընտանիքների։ Նախաձեռնության մասին պատմում են դասընթացների, հանդիպումների և տարբեր հարթակների միջոցով՝ փորձելով ավելի մեծ լսարանի ներկայացնել իրենց աշխատանքը։

Այս մոտեցումը նաև նպաստում է տեղական արժեքային շղթաների զարգացմանն ու կանանց ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդմանը։

«Այս պահին էլ ունենք սառեցրած կանաչիներ, որոնք հիմնականում ինքներս ենք հավաքում դաշտերից։ Դրանք չեն կորցնում ո՛չ համը, ո՛չ որակը։ Պատրաստման վայրերն ամեն անգամ տարբեր են․ կանայք երբեմն աշխատում են իրենց տներում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև մեր տարածքում։ Այսօր, օրինակ, ընտրել ենք բացօթյա պատրաստման տարբերակը»,- պատմում է Անին։

Նոր ձեռք բերված սառնարանը նաև էներգախնայող է և կառավարվում է սմարթ համակարգով։ Անիի խոսքով՝ սառախցիկային հատվածը հետագայում կարող է օգտագործվել նաև սառույցի արտադրության համար, որը հնարավոր կլինի վաճառել խանութներին ու ռեստորաններին ամռան ամիսներին։

Սառնարանի էներգախնայող համակարգը կարևոր ներդրում է նաև կայուն և պատասխանատու սպառման տեսանկյունից։



Թիմն արդեն մտածում է հաջորդ քայլերի մասին։ Նրանց նպատակն է նոր դրամաշնորհային ծրագրերի միջոցով ընդլայնել բիզնեսը և ավելի շատ կանանց ներգրավել աշխատանքի մեջ՝ ստեղծելով ոչ միայն եկամուտ, այլև համայնք ու շարունակական գործընկերություն։

Նման փոքր դրամաշնորհային աջակցությունները կարևոր դեր ունեն համայնքային դիմակայունության, սոցիալական ինտեգրման և կանանց տնտեսական հզորացման գործում։

Գայանե Ասրյան

Արցախյան ժենգյալով հացի ավանդույթը շարունակում են Վայքում հաստատված կանայք․ Լուսանկարներ