.jpg)
«Սպառնալիք չկա, կան քաղաքական գնահատականներ»․ Թորոսյանը՝ Փաշինյանի խոսույթի մասին (Տեսանյութ)
«Ոչ մի բռնաճնշում չկա և չի էլ սպասվում։ Մենք երբեք օրենքից դուրս չենք գործել, իրավապահ մարմիններն իրենց աշխատանքն են կատարում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ եթե խոսվում է օրենքի խախտումների մասին, ապա առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ընտրակաշառք բաժանողներին և մարդկանց հասցեին անվայելուչ արտահայտվողներին։
Անդրադառնալով ընդդիմության այն հայտարարություններին, թե դիմակավորված անձանց մասնակցությամբ տարածված տեսանյութի հեղինակն իշխանությունն է՝ հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով, Թորոսյանը հերքեց։
«Մենք կարիք չունենք նման ձևով մեր ժողովրդի հետ հարաբերվելու, քանի որ այն, ինչ այսօր տեսնում ենք, ըստ էության, ժողովրդական զարթոնք է նախընտրական փուլում, երբ Հայաստանի ժողովուրդը պատրաստ է տեր կանգնել իր երկրին, պետականությանը և խաղաղությանը։ Արհեստական զոհի կարգավիճակում լինելու կարիք չունենք»,- նշեց նա։
Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ընդդիմադիրների հասցեին սպառնալիքներ հնչեցնում և անվայելուչ խոսույթ կիրառում՝ Թորոսյանն արձագանքեց.
«Ոչ մի սպառնալիք չկա, ոչ պատշաճ խոսույթ էլ չկա։ Կան քաղաքական գնահատականներ, ինչը միշտ եղել է և լինելու է։ Մենք ցանկացած իրավիճակի տալու ենք գնահատական, իրերը կոչելու ենք իրենց անուններով և չենք վարելու ջայլամային քաղաքականություն»։