.jpg)
Իշխանությունն է եկեղեցին ներքաշել քաղաքականության մեջ՝ խոտորյալներին ներգրավելով «բարենորոգման» ծրագրում. Գևորգ Դանիելյան (տեսանյութ)
Միածնաէջ Մայր Տաճարում, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, երեկ տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:
Եպիսկոպոսության աստիճան շնորհվեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանին և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։
Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը վստահ է՝ նորաօծ եպիսկոպոսները մեծ նվիրումով ավելի մեծ ջանքեր կգործադրեն, որ եկեղեցին կարողանա դուրս գալ այս իրավիճակից էլ ավելի ամուր։
«Եկեղեցին ապրում է բավականին ծանր ժամանակներ, մեր հոգևորականները նվիրված ու անդավաճան մնացին եկեղեցուն ու այս չորս Սրբազանները, որոնք մինչ այդ վարդապետներ էին, իսկապես արժանի էին, համոզված եմ՝ իրենք ավելի մեծ նվիրումով ջանքեր կգործադրեն, որ կարողանանք դուրս գալ այս իրավիճակից էլ ավելի ամուր»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց Դանիելյանը։
Նա վստահ է՝ եկեղեցին բոլոր դեպքերում պատվով է դուրս գալու՝ անկախ ամեն ինչից. «Թեպետ իշխանությունները եկեղեցու դեմ գործում են ոչ քաղաքակիրթ, ոչ ժողովրդավարական մեթոդներով, բայց դա էլ հոգ չէ»։
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե, իբր, եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում՝ Դանիելյանն ասաց, որ այս թեզով իշխանությունները պարզապես արդարացնում են իրենց հակասահմանադրական քայլերը։
«Հիմա, համեմատաբար, պասիվ դիրք են ընդունել, բայց դա զուտ քաղաքական նկատառումներով է»,- ընդգծեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամը։
Պրոֆեսոր Դանիելյանը պնդում է՝ հենց այս իշխանությունն է եկեղեցին ներքաշել քաղաքականության մեջ, երբ խոտորյալներին ներքաշել է, իբրև թե, «բարենորոգման» ծրագրի մեջ, դասական իմաստով քաղաքականություն է։
«Շուտով տվյալներ կհրապարակվեն, բոլորը կիմանան, որ եթե քաղաքականության մեջ ներքաշվելու փորձեր են եղել, ապա բացառապես եղել են իշխանության կողմից, եկեղեցին այդ խնդիրը չունի, եկեղեցին իր համոզմունքների, իր կրոնական հարթության մեջ է ու բացարձակ կարիք չունի ներքաշվելու քաղաքականության մեջ»,- հավելեց Գևորգ Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։