.jpg)
Փաշինյանն ուզում է ՀՀ-ն կախվածության մեջ դնել ադրբեջանական էներգակիրներից. Քաղաքագետ
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը հնարավոր է համարում, որ ՌԴ-ն կդադարեցնի կամ կթանկացնի գազի սակագինը ՀՀ-ի համար։
«Ի վերջո, իրենք են այդ ամենի սեփականատերը ու կապված ՀՀ իշխանությունների դիրքորոշումներից, նրանք կարող են վերանայել ՀՀ-ի հետ տնտեսական հարաբերությունները, ինչը տեղի է ունենում»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Մաթևոսյանի խոսքով՝ դա աշխարհում ընդունված տարբերակ է. «Տեսեք՝ Դոնալդ Թրամփը ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունները ինչպես է վերանայում, բոլոր ոլորտներում՝ մատակարարումներից մինչև էներգակիրների վաճառք, միրգ-բանջարեղենի վաճառք։ Քանի որ ԵՄ-ն այս վարչակարգի օրոք ԱՄՆ-ում դադարել է ընկալվել որպես դաշնակից, իրենք իրենց համապատասխան ձև են պահում։ Հիմա նույնն էլ մեր պարագայում է կատարվում։ ՌԴ-ն նոր հեծանիվ չի հնարում»։
Իսկ թե մենք որտեղի՞ց կարող ենք շահավետ գազ կամ այլ էներգակիր ստանալ՝ մասնագետը նշեց. «Մենք հիմա էլ գազ և այլ էներգակիրներ Իրանից ստանում ենք, ուղղակի Իրանում, պայմանավորված արտադրական ծավալներով, որակով, իրենք ամբողջությամբ չեն կարող փոխարինել ՌԴ-ին։ Սակայն Նիկոլ Փաշինյանին դա պետք էլ չէ, քանի որ ինքն ուզում է ադրբեջանական էներգակիրներից ՀՀ-ն կախվածության մեջ դնել»։
Մաթևոսյանը հիշեցրեց երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «մենք մեր սեփական գազն ենք ունենալու»՝ այն որակելով որպես ցնդաբանություն. «Դա պարզ մարդկային հաշվարկի էլ չի դիմանում։ «Գազպրոմ Արմենիա»-ն 2024 թվականից սկսած՝ 150մլդ դրամի գազ է գնում ՌԴ-ից և ՀՀ-ում բաշխում, մենք տրանզիտից, որը ԹՐԻՓՓ-ի շրջանակներում է լինելու, 150մլդ չենք ստանալու։ Այդ մարդն ուղղակի խաբում է, նա պարզապես ուզում է, որ մենք Ադրբեջանից գնենք գազ և էներգետիկ առումով ևս կախվածության մեջ լինենք Ադրբեջանից»։
Հարցին՝ ադրբեջանական գազն էժա՞ն է ռուսականից՝ մասնագետը պատասխանեց. «Էժան չի, եթե նույնիսկ էժան էլ լինի և գնում ես նրանից ու քեզ կախվածության մեջ ես գցում ադրբեջանական էներգակիրներից, դու Ադրբեջանի ձեռքը քաղաքական ճնշման գործիք ես տալիս։ Ադրբեջանը կարող է ասել՝ լավ, ուզու՞մ եք ռուսական գնով գազ վաճառենք, բայց այդ դեպքում 300 հազար ադրբեջանցիները, պայմանականորեն մինչև տարեվերջ, պետք է գան Հայաստան։ Սա է հիմնական խնդիրը»։
Բենիամին Մաթևոսյանն ընդգծեց՝ ո՛չ Հայաստանից, ո՛չ Ռուսաստանից այս հայտարարությունները զուտ հայտարարություններ չեն. «ՌԴ-ն հստակ ցույց է տալիս, որ իրենք Նիկոլ Փաշինյանի՝ որպես ՀՀ ղեկավարի հետ չեն աշխատելու։ Հայաստանի հետ կաշխատեն, թե չէ՝ կախված է ընտրությունների արդյունքից։ Իսկ ինչ վերաբերում է հայաստանյան հայտարարություններին, ապա իրենք վերադարձել են իրենց բազային կարգավորումներին։ Մի հատ հիշեք, թե Նիկոլ Փաշինյանն 2008 թվականին ինչեր էր ասում արցախցիների, ՌԴ-ի վերաբերյալ։ Այդ մարդը 2000-ականների սկզբներին հոդված է գրել՝ «Մենք ենք, մեր շահերը», որտեղ ասում է, թե ինչի ՀՀ տարածքով միջանցք չպետք է լինի, որից կօգտվեն ԱՄՆ-ն և Թուրքիան։ Հիմա այդ միջանցքը ստանալու համար պետք է հանձնվեր Արցախը, պետք է ՌԴ-ին «վռնդել» մեր տարածաշրջանից, ինչը ինքը շատ վստահ քայլերով իրականացնում է»։
Հիշեցնենք՝ երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միակողմանիորեն կդադարեցնի կամ կչեղարկի Հայաստանի հետ գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը, եթե Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության գործընթացը շարունակվի։