ԵԱՏՄ-ի շուկան ԵՄ-ով փոխարինելը իրատեսական չէ, հակաճգնաժամային քարոզչություն է. Տնտեսագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
03/06/2026 13:17

ԵԱՏՄ-ի շուկան ԵՄ-ով փոխարինելը իրատեսական չէ, հակաճգնաժամային քարոզչություն է. Տնտեսագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը կասկածի տակ է դնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի  այն հայտարարությունը, թե ԵԱՏՄ շուկայի փոխարեն հայկական ապրանքները կարող են արտահանվել Եվրամիության երկրներ։

Aysor.am-ի հետ զրույցում տնտեսագետը նման հայտարարությունները գնահատեց որպես հակաճգնաժամային քաղաքական քարոզչություն։

«Պարզ է, որ ընտրողը բավականին լուրջ վնասներ է կրում այս արգելանքներից և Նիկոլ Փաշինյանին պետք է, որ իր ընտրողների բազան պահի։ Դրա համար ինքը հիմա ցանկացած բան ասում է, որպեսզի  այդ մարդիկ շարունակեն իրեն աջակցեն»,- նշեց նա։

Միքայելյանը հիշեցրեց  նաև վարչապետի այլ հայտարարություններ և օրինակ բերեց Վրաստանի փորձը՝ նշելով, որ ռուս-վրացական տնտեսական հակամարտության տարիներին երկիրը չի կարողացել լիարժեք փոխարինող շուկաներ գտնել։

«Փաշինյանը հայտարարում էր, որ «սուս ու փուս 3 ատոմակայան է կառուցել», որ սեփական գազ կունենանք, երևի նկատի ունի ադրբեջանականը։ Այս ամենը  չի լինի։ Արդեն ունենք Վրաստանի փորձը։ Վրաստանը այդպես էլ նոր շուկա չգտավ։ 7 տարի Սաակաշվիլին Պուտինի հետ տնտեսական պատերազմի մեջ է  ներգրավված եղել։ Նրանք ոչ նոր շուկա գտան, ոչ էլ մարդկանց փոխհատուցեցին։ Ուղղակի Վրաստանի գյուղացին հսկայական կորուստներ ու զրկանքներ է կրել Սաակաշվիլիի արկածախնդիր քաղաքականության պատճառով, նույնն էլ այստեղ է լինելու»։

Անդրադառնալով կառավարության կողմից հնարավոր փոխհատուցումների թեմային՝ Միքայելյանը նշել է, որ նախընտրական շրջանում տրվող բազմաթիվ խոստումներ, իր գնահատմամբ, ուղղված են ընտրողների աջակցությունը ստանալուն։

Տնտեսագետի խոսքով՝ գյուղատնտեսական ոլորտը կարող է ամենաշատը տուժել, եթե արտահանման խնդիրները շարունակվեն, իսկ դրա հետևանքները կզգան նաև այդ ոլորտում աշխատող հազարավոր ընտանիքներ։

Խոսելով Եվրամիության շուկայի մասին՝ նա ընդգծեց, որ ԵՄ-ն  ունի խիստ մուտքային պահանջներ,  ստանդարտներ, ինչպես նաև տարատեսակ սահմանափակումներ։

«Եվրամիության շուկան բավականին փակ է։ Նույնիսկ այն երկրները, որոնք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրեր ունեն, օրինակ՝ Ուկրաինան, Վրաստանը, մուտք են ստացել սահմանափակ ծավալներով»,- հավելեց  տնտեսագետը։

Միքայելյանի գնահատմամբ՝ նույնիսկ քաղաքական աջակցության պայմաններում դժվար է ակնկալել, որ ԵՄ-ն հայկական արտադրանքի համար բացառիկ պայմաններ կստեղծի։

«Եթե նույնիսկ որոշակի գնումներ լինեն, դրանք չեն կարող ամբողջությամբ փոխարինել այն ծավալներին, որոնք այսօր ուղղվում են ԵԱՏՄ շուկա։ «Մարդկանց կարող է թվալ՝ որպեսզի աջակցեն Փաշինյանին և հասնեն իրենց քաղաքական նպատակներին, ԵՄ-ն բացառություն կանի։ Սակայն չի անի։ Օրինակ, Ուկրաինային, որն իրենց համար նույնիսկ պատերազմ է վարում, էլի բացառություն չեն արել։ Կարող է՝ շատ փոքր քանակությամբ։ Օրինակ, եթե մարդկանց պետք է վաճառել 10 տոննա, ԵՄ-ն կարող է 500 տոննա գնի»,- եզրափակեց  տնտեսագետը։

 Հիշեցնենք՝ Փաշինյանը երեկ, անդրադառնալով ՌԴ-ի կողմից սահմանված արգելքներին, հայտարարել էր. 

««Առաջիկայում արտահանման առաջարկներ ունենք վարդերի, միրգ-բանջարեղենի հետ կապված։ Վատ լուրն այն է, որ մեր արտադրանքի ծավալները շատ մեծ չեն։ Մի հատ նորմալ եվրոպական սուպերմարկետների ցանցը մեր ապրանք միանգամից կսպառի, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ուշադրություն հրավիրել հետևյալ հանգամանքի համար։ Բիբար ենք արտադրում՝ հարյուր տոննա, 90 տոննա չպետք է մի ուղղությամբ արտահանենք, այլ 25-ը՝ մեկ, 25-ը՝ մյուս, հաջորդ փուլում պետք է 20 տոննա դարձնենք, որ ունենա 5, 6, 7 ուղղություն։

Անկախությունը քչերից կախվածության փոխարինումն է շատերից կախվածության։ Եթե 90 տոկոսով մի տեղից ես կախված, մի օր կարող է արթնանան ու տրամադրությունները լավ չլինեն։ Բիբար է փչանում, էդ բիբարի փողը կտամ ես, վարդն է փչանում, փողը ես կտամ, բայց բիբարի արտահանումն էլ է աճելու։ Բիբարին ես տեր կկանգնեմ, դուք խաղաղությանը տեր կանգնեք»։

Հեղինակ`Դուսյա Ղազարյան