«Քարոզարշավը կրել է խիստ բևեռացված և առճակատային բնույթ՝ զուգորդված սադրիչ հռետորաբանությամբ, այդ թվում՝ իշխող կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուի կողմից». ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցը
08/06/2026 18:40

«Քարոզարշավը կրել է խիստ բևեռացված և առճակատային բնույթ՝ զուգորդված սադրիչ հռետորաբանությամբ, այդ թվում՝ իշխող կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուի կողմից». ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցը

Հրապարակվել է Հայաստանում ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության նախնական եզրակացությունների մասին զեկույցը.

«2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները ընտրողներին ապահովել են քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրություն կատարելու հնարավորությամբ՝ ընդհանուր առմամբ լավ կազմակերպված գործընթացի պայմաններում։ Քարոզարշավի ընթացքում արձանագրվել է արտերկրից ուղղակի ճնշում՝ առևտրային սահմանափակումների խստացման և անվտանգության սպառնալիքների տեսքով, որը նպատակ ուներ հօգուտ ընդդիմադիր ուժերի ոչ պատշաճ կերպով ազդել ընտրողների վրա։

Քարոզարշավն աչքի է ընկել բարձր առճակատմամբ և պառակտող հռետորաբանությամբ, ինչպես նաև ձայների գնման և ընտրական այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, որոնք հանգեցրել են ընդդիմության թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ բազմաթիվ քրեական վարույթների հարուցմանը, ինչի հետևանքով ընդդիմության բազմաթիվ աջակիցներ ձեռնպահ են մնացել քարոզարշավին ակտիվ մասնակցելուց։ Այս հանգամանքները, ինչպես նաև պետական հատվածի աշխատակիցների նկատմամբ իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու նպատակով գործադրված ճնշումները և վերջերս ներդրված սոցիալական և տնտեսական միջոցառումները, մտահոգություններ են առաջացրել քարոզչություն իրականացնելու հնարավորությունների հավասարության առնչությամբ։

Իրավական դաշտը ստեղծում է ժողովրդավարական ընտրությունների անցկացման ամուր հիմք, իսկ ընտրական վարչարարությունը վայելել է շահագրգիռ կողմերի վստահությունը։ Նախընտրական ֆինանսավորման նկատմամբ անբավարար վերահսկողությունը և կարգավորումը սահմանափակել են թափանցիկությունը և հանրային վերահսկողության հնարավորությունները։ Անկողմնակալ և վստահելի տեղեկատվություն ստանալու ընտրողների հնարավորությունների վրա բացասաբար են ազդել բևեռացված մեդիա միջավայրը, կողմնակալ լրատվական լուսաբանումը և մանիպուլյատիվ բովանդակության կիրառմամբ պառակտող առցանց քարոզարշավը։

Ընտրության օրվա գործընթացները՝ դիտարկված ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում, ստացել են առավելապես դրական գնահատական։ Ընտրություններն անցկացվել են բազմակարծիք և խիստ բևեռացված միջավայրում: Քաղաքական բանավեճերը կենտրոնացած էին «խաղաղություն, թե՞ պատերազմ» երկընտրանքի շուրջ ձևավորված պառակտող նարատիվների, Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» իրականացման, շարունակվող սահմանադրական բարեփոխումների, ինչպես նաև երկրի ապագա աշխարհաքաղաքական կողմնորոշման վերաբերյալ մրցակցող տեսլականների շուրջ։ Ընտրություններից առաջ այս պառակտումը շահարկվել է որպես ուղղակի ճնշման և արտաքին միջամտության հիմք․ Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձինք սպառնացել են տնտեսական և անվտանգության ոլորտներում հետևանքներով, եթե Հայաստանը որոշի խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Սա տեղի է ունեցել Հայաստանի դեմ ուղղված հիբրիդային սպառնալիքների աճի և համակարգված արտաքին ազդեցության գործողությունների  վերաբերյալ ավելի վաղ հրապարակված հաղորդումների ֆոնին։

Իրավիճակն առավել բևեռացվել է կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդության միջև առկա լարվածությամբ, ինչպես նաև մի շարք հայտնի ընդդիմադիր և կրոնական գործիչների նկատմամբ հարուցված քրեական վարույթներով, ներառյալ նախնական կալանքի կիրառմամբ, որոնք, ի թիվս այլ նպատակների, ուղղված էին սահմանադրական կարգը իշխանության բռնի զավթումից պաշտպանելուն։ Ընտրություններն անցկացվել են վերանայված իրավական կարգավորումների հիման վրա, որն ապահովում է  ժողովրդավարական ընտրությունների համար ամուր հիմք և անդրադառնում է ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի խորհրդի «Իրավունքի միջոցով ժողովրդավարություն հանուն» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով)  մի շարք նախկինում ներկայացված առաջարկություններին։ Փոփոխությունների մեծ մասն ընդունվել է 2021-2024 թվականներին իրականացված լայնածավալ հանրային քննարկումներից  հետո, մինչդեռ 2026 թվականին կատարված որոշ լրացուցիչ փոփոխություններ ներդրվել են արագացված կարգով, սահմանափակ քննարկումների պայմաններում և առանց քաղաքական ուժերի լայն աջակցության, ընդ որում դրանցից մի քանիսն ընդունվել են ընտրությունների նշանակումից հետո, ինչը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին և միջազգային լավագույն փորձին:  Փոփոխությունների մեծամասնության արդյունքում բարելավել է իրավական դաշտը, սակայն օրենսդրությունում դեռևս պահպանվում են որոշ բացեր և երկիմաստություններ, իսկ ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի մի շարք առաջարկություններ շարունակում են մնալ չիրականացված։

Ընտրությունների վարչարարությունը իրականացնող մարմինը ապահովել  է տեխնիկական նախապատրաստական աշխատանքների իրականացումը պրոֆեսիոնալ և արդյունավետ կերպով և վայելել է  շահագրգիռ կողմերի  վստահությունը իր տեխնիկական կարողությունների նկատմամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) նիստերը, որպես կանոն, բաց են եղել դիտորդների համար և առցանց հեռարձակվել են, իսկ համապատասխան որոշումները հրապարակվել են ժամանակին, ինչը նպաստել է թափանցիկությանը։ Որոշ դեպքերում բովանդակային քննարկումների սահմանափակ լինելը նվազեցրել է որոշումների կայացման գործընթացի թափանցիկությունը:  

Ընտրությունների վարչարարությունը իրականացնող մարմինը էական քայլեր է ձեռնարկել տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) անդամների վերապատրաստման բարելավման ուղղությամբ և իրականացրել է ընտրողների իրազեկման համապարփակ միջոցառումներ, որոնց տեսանելիությունը տարբեր շրջաններում տարբեր էր:  

Չնայած գործընթացի ընդհանուր հասանելիության բարելավմանն ուղղված ջանքերին՝ բազմաթիվ ընտրական տեղամասեր շարունակում էին մնալ  ոչ հասանելի հաշմանդամություն ունեցող ընտրողների համար։ Ընտրողների վերջնական ցուցակում ընդգրկված էր 2,503,976 ընտրող։ Ընտրողների գրանցման գործընթացը, ընդհանուր առմամբ, եղել է ներառական և վայելել է հանրության վստահությունը, իսկ ընտրողներին տրամադրվել են բավարար հնարավորություններ՝ ստուգելու իրենց տվյալները և ներկայացնել ուղղումների պահանջներ:   Թեև ընտրություններից առաջ ընտրացուցակներում ընդգրկվել են շուրջ 20,101 վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած տեղահանված հայ փախստականներ, ևս 6,000 դիմում ընտրության օրվա դրությամբ մնացել էր չքննված։ Որոշ շահագրգիռ կողմեր դա վերագրել են դանդաղ և բյուրոկրատական ընթացակարգերին, ինչի հետևանքով այդ դիմորդները զրկվել են քվեարկելու հնարավորությունից։ Ի հեճուկս միջազգային չափանիշներին և  ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի կողմից նախկինում ներկայացված առաջարկություններին՝ դատարանի որոշմամբ անգործունակ ճանաչված քաղաքացիները զրկվել են ընտրելու իրավունքից։

Թեկնածուների գրանցումն իրականացվել է ներառական և բաց եղանակով։ Սակայն երկքաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ սահմանված սահմանափակումները և դրանց հետ կապված քրեական պատասխանատվությունը, ինչպես նաև երկարատև ռեզիդենտության և լեզվի իմացության պահանջները չեն համապատասխանում Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային չափանիշներին և լավագույն փորձին։ Անհատ թեկնածությունների առաջադրումը թույլատրված չէ, ինչը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին։ Տարբեր ինքնաբացարկներից, այդ թվում մի ամբողջ  թեկնածուների ցուցակի ինքնաբացարկից հետո, ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է ընդհանուր 18 քաղաքական ուժ (16 կուսակցություն և 2 դաշինք) և 1,938 թեկնածու։  

Քարոզարշավը եղել է ակտիվ և հիմնականում խաղաղ, սակայն կրել է խիստ բևեռացված և առճակատային բնույթ՝ զուգորդված սադրիչ հռետորաբանության բազմակի կիրառմամբ, այդ թվում՝ իշխող կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուի կողմից։ Այն կենտրոնացած էր խաղաղության, Ադրբեջանի հետ հարաբերությունների, տարածաշրջանային կայունության, տնտեսության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի շուրջ ուղերձների վրա, ընդ որում մի շարք օտարերկրյա քաղաքական գործիչներ հրապարակային միջամտություններ և աջակցություն էին ցուցաբերում իշխող կուսակցության օգտին։ Քարոզարշավի ողջ ընթացքում զգալի տեղ է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնության կողմից գործադրված ուղղակի ճնշումը՝ արտահայտված առևտրային սահմանափակումների աստիճանական խստացմամբ և ընտրությունների արդյունքների հետ պայմանավորված երկրի ապագա տնտեսական կայունությանը և անվտանգությանը վերաբերող սպառնալիքներով։

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն տեղական մակարդակում վարչական ռեսուրսների համակարգային չարաշահում չի արձանագրել, սակայն դիտարկել և ստացել է բազմաթիվ հաղորդումներ, որոնցից մի քանիսը գնահատել է որպես արժանահավատ, իշխող կուսակցության նախընտրական միջոցառումներին մասնակցելու նպատակով ընտրողների նկատմամբ ճնշումների վերաբերյալ։ Այս հանգամանքը, ինչպես նաև վերջերս ներդրված կամ նախաձեռնված սոցիալական և տնտեսական միջոցառումները, առավելություն են ստեղծել իշխող կուսակցության համար և խաթարել են քարոզչություն իրականացնելու հավասար հնարավորությունները, ինչը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին։ Միևնույն ժամանակ, առկա էին մի քանի պնդումներ, ըստ որոնց՝ որոշ տնտեսական դերակատարներ ճնշում են գործադրել ընտրողների վրա՝ ի շահ ընդդիմադիր կուսակցությունների։ Հնչել են բազմաթիվ մեղադրանքներ ընտրկաշառքների և ընտրական այլ խախտումների վերաբերյալ, որոնք իշխանություններն ակտիվորեն քննության են առել։ Սակայն այդ քննությունները հիմնական ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցների և թեկնածուների մոտ ձևավորել են օրենքի ընտրովի կիրառման ընկալում և մտահոգություններ առաջացրել քարոզարշավի հետագա ընթացքի վերաբերյալ:    

Առցանց քարոզչությունը բավականին լայնորեն տարածված էր, սակայն դրա կարգավորումը սահմանափակվում էր միայն քարոզչական բովանդակության և վճարովի քաղաքական գովազդը նշելու պահանջներով, ինչը սահմանափակում էր թափանցիկության և վերահսկողության հնարավորությունները։ Առցանց քարոզարշավն իր բնույթով եղել է առճակատային և պառակտող՝ ուղեկցվելով կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից միմյանց հասցեին օտարերկրյա միջամտության և օտար պետությունների հետ կապերի վերաբերյալ փոխադարձ մեղադրանքներով։ Որոշ թեկնածուներ և երրորդ կողմ հանդիսացող օգատատերերի հաշիվներ իրենց քաղաքական մրցակիցներին վարկաբեկելու նպատակով տարածել են արհեստական բանականությամբ ստեղծված մանիպուլյատիվ բովանդակություն, որը հետագայում լայնորեն տարածվել է առցանց հարթակներում։

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն արձանագրել է կեղծ և ոչ իրական հաշիվների կողմից կառավարության և ընտրական գործընթացի վարկաբեկման նպատակով տարածված մանիպուլյատիվ և կեղծ բովանդակություն, թեև դա նախընտրական քննարկումներում նշանակալի դեր չի խաղացել։ Սա համահունչ է փաստերի ստուգմամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների եզրակացությունների հետ, որոնց համաձայն զգալիորեն աճել են համակարգված ապատեղեկատվական գործողությունները, որոնք, ըստ այդ կազմակերպությունների, գալիս էին արտերկրից։

Ընդհանուր առմամբ, իշխանությունները ձեռնարկել են զգալի քայլեր՝ իրենց պատրաստվածության մակարդակը բարձրացնելու, միջգերատեսչական և միջկառավարական համագործակցությունը ամրապնդելու և խնդիրների մասին առցանց հարթակներին տեղեկացնելու ուղղությամբ։ Սակայն այդ ջանքերի թափանցիկությունը և արդյունավետությունը սահմանափակվել է բացահայտված ապատեղեկատվական դեպքերի և դրանց արձագանքման նպատակով ձեռնարկված միջոցների վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվության բացակայության պատճառով։

Չնայած ընտրությունների վարչարարությունը իրականացնող մարմինների և խորհրդարանի համար սահմանված գենդերային քվոտաներին, ինչպես նաև ղեկավար մարմիններում գենդերային հավասարակշռություն պահպանող կուսակցությունների համար նախատեսված ֆինանսական խթանների ներդրմանը՝ կանանց մասնակցությունը հանրային և քաղաքական կյանքում շարունակում է մնալ ցածր մակարդակի վրա:   Ընտրական ցուցակում առնվազն 30 տոկոս յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչ ունենալու պահանջին համապատասխան՝ կանայք կազմել են թեկնածուների 37.3 տոկոսը, սակայն ընտրական ցուցակներից ոչ մեկը կին չի գլխավորել։ Նախընտրական ֆինանսավորման իրավական կարգավորումների օրենսդրական դաշտում կատարված   փոփոխություններով ընդլայնվել է նախընտրական ծախսերի սահմանումը, բարձրացվել են նվիրատվությունների և ծախսերի սահմանաչափերը, ինչպես նաև վերաբաշխվել են վերահսկողական լիազորությունները։

Այնուամենայնիվ, ընտրական օրենսդրությունում և դրա կիրառման շրջանակներում շարունակում են պահպանվել մի շարք բացեր, որոնք սահմանափակում են կուսակցությունների և նախընտրական ֆինանսավորման թափանցիկությունը և հաշվետվողականությունը: Նախընտրական քարոզարշավին նախորդող ժամանակահատվածում կատարված զգալի ծախսերի վրա չէին տարածվում   հաշվետվությունների ներկայացման պահանջները և թույլատրելի ծախսերի  սահմանաչափերը։ Երրորդ կողմերի կողմից իրականացվող քարոզչությունը կարգավորված չէր, իսկ կանխիկ նվիրատվությունների վերաբերյալ կանոնները չէին ապահովում դրանց հետագծելիությունը։ Թեև իրավաբանական անձանց, օտարերկրյա և անանուն աղբյուրներից ստացվող նվիրատվություններն արգելված են, իշխող կուսակցության քաղաքականությունը խթանող բարձրարժեք միջոցառումների կորպորատիվ հովանավորումը մտահոգություններ է առաջացրել բիզնես և քաղաքական շահերի սերտաճման վերաբերյալ։

Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստացել են բանկային քաղվածքները և հրապարակել ընտրություններին մասնակցող սուբյեկտների հաշվետվությունները, սակայն այդ տեղեկատվությունը ներկայացված չէր որոնելի կամ օգտագործողի համար հարմար ձևաչափով, ինչը սահմանափակել է հանրային վերահսկողության հնարավորությունները: Քարոզարշավի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեն քննություն է իրականացրել կուսակցությունների հետ փոխկապակցված բարեգործական հիմնադրամների և կուսակցությունների նվիրատուների առնչությամբ։ Սակայն նշված անձանց ընտրության օրենքով սահմանված չափանիշների բացակայությունը մտահոգություններ է առաջացրել ընտրողական և քաղաքական շարժառիթներով պայմանավորված մոտեցման հնարավորության վերաբերյալ։

Սահմանադրությունը երաշխավորում է արտահայտվելու ազատությունը և լրատվամիջոցների ազատությունը։ Լրատվական միջավայրը բազմակարծիք է, սակայն շարունակում է մնալ բևեռացված և սահմանափակված՝ գովազդային շուկայի կրճատման և դրա նեղ կենտրոնացվածության պատճառով, ինչը խաթարում է լրատվամիջոցների ֆինանսական կայունությունը և դրանք խոցելի է դարձնում քաղաքական ազդեցության նկատմամբ, մինչդեռ լրատվամիջոցների սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության  թափանցիկության վերաբերյալ իրավական պահանջները շարունակում են մնալ անբավարար։ Թեև զրպարտությունը և վիրավորանքը ապաքրեականացված են, նախընտրական ժամանակահատվածում մի շարք լրագրողներ բախվել են զրպարտության վերաբերյալ քաղաքացիական հայցերի, բանավոր հարձակումների, սպառնալիքների և իրենց գործունեությանը խոչընդոտելու դեպքերի, ինչը բացասաբար է ազդել քաղաքական թեմաներով լուսաբանման միջավայրի վրա։

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից իրականացված լրատվամիջոցների մոնիտորինգը ցույց է տվել, որ լրատվամիջոցների մեծ մասն օգտագործվել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից՝ փոխադարձ վիրավորանքները և պառակտող քարոզչական հռետորաբանությունը տարածելու նպատակով՝ քիչ ուշադրություն դարձնելով նրանց ծրագրերի բովանդակային վերլուծությանը։

Հանրային հեռուստաընկերությունը կատարել է յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) 90 րոպե անվճար եթերաժամ տրամադրելու վերաբերյալ իր իրավական պարտավորությունը, սակայն միաժամանակ ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն՝ հօգուտ իշխող կուսակցության, ինչը հակասում է նրա իրավական պարտավորություններին և հանրային առաքելությանը։ Մի շարք մասնավոր լրատվամիջոցներ բացասական լույսի ներքո են ներկայացրել կառավարությանը և բարենպաստ լուսաբանում են ապահովել ընտրված ընդդիմադիր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար։ Այս բոլոր հանգամանքները միասին սահմանափակել են ընտրողների իրազեկված ընտրություն կատարելու հնարավորությունը։ Ընտրական վեճերի լուծման իրավական շրջանակը նախատեսում է արդյունավետ վարչական և դատական վերանայում, սակայն բողոք ներկայացնելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը շարունակում է մնալ անհարկի նեղ, ինչը հակասում է միջազգային լավագույն փորձին և ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախկին առաջարկություններին։ ԿԸՀ-ն հրապարակային նիստերում և թափանցիկ ընթացակարգով քննել է հինգ բողոք: Բոլոր բողոքները մերժվել են։ Վարչական դատարան է ներկայացվել 57 բողոք, որոնց մեծ մասը դատարանը քննել է դռնբաց նիստերում, օրենքով սահմանված ժամկետներում և թափանցիկ եղանակով։ Օրենսդրությունը նախատեսում է տեղական և միջազգային դիտարկում, ինչպես նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ներկայացուցիչների կողմից իրականացվող դիտարկում։ ԿԸՀ-ն գրանցել է 13 տեղական դիտորդական կազմակերպություն և 8 միջազգային դիտորդական կազմակերպություն, ինչը նպաստել է թափանցիկությանը։

Թեև վերջին օրենսդրական փոփոխությունները, որոնք միտված էին կանխելու քաղաքական կուսակցությունների հետ փոխկապակցված կազմակերպությունների կողմից դիտարկման իրականացումը, ընդհանուր առմամբ դիտորդների կողմից դրական են գնահատվել, այնուամենայնիվ դեռևս առկա են մտահոգություններ առ այն, որ գրանցված որոշ կազմակերպություններ շարունակում են մնալ ընտրություններին մասնակցող կուսակցությունների  (կուսակցությունների դաշինքների) հետ փոխկապակցված։ Ընտրության օրը անցել է կազմակերպված և հանգիստ, չնայած իշխանությունների կողմից հաղորդված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մի շարք քրեական մեղադրանքներին և քննություններին։ Ընտրատեղամասերի բացման և քվեարկության գործընթացները, դիտարկումների ճնշող մեծամասնության շրջանակներում՝ գնահատվել են դրական։ ՏԸՀ-ները հիմնականում պահպանել են սահմանված ընթացակարգերը, իսկ ընտրողների նույնականացման սարքերը աշխատել են արդյունավետ կերպով։ Կանայք լայնորեն ներկայացված էին ՏԸՀ-ներում, այդ թվում՝ նախագահների պաշտոններում, սակայն մատչելիությունը շարունակում էր մնալ լուրջ խնդիր։

Գործընթացն ընդհանուր առմամբ եղել է թափանցիկ և արդյունավետ, թեև որոշ ընտրատեղամասերում արդյունավետության վրա բացասաբար են ազդել գերբեռնվածությունը, ոչ պատշաճ դասավորությունը, առանձին ընթացակարգային սխալները և ընտրական գործընթացի մասնակիցների վստահված անձանց միջամտությունը։ Քվեարկության գաղտնիությունը հիմնականում պահպանվել է, իսկ արձանագրված խախտումները մեծամասամբ պայմանավորված են եղել ընտրողների կողմից ընթացակարգերի ոչ բավարար ըմբռնմամբ և գերբեռնվածությամբ։ Փակման և ձայների հաշվարկի գործընթացները գնահատվել են դրական, թեև առանձին դեպքերում արձանագրվել են ընթացակարգային անհամապատասխանություններ։ Հղում անելով կիբեռանվտանգության հետ կապված մտահոգություններին՝ ԿԸՀ-ն հանձնարարել է ԸԸՀ-ներին սահմանափակել դիտորդների հասանելիությունը արդյունքների վերաբերյալ տվյալների մուտքագրման գործընթացին 38 ԸԸՀներից 11-ում, ինչը նվազեցրել է գործընթացի թափանցիկությունը։ 

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ

«Քարոզարշավը կրել է խիստ բևեռացված և առճակատային բնույթ՝ զուգորդված սադրիչ հռետորաբանությամբ, այդ թվում՝ իշխող կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուի կողմից». ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցը