«Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքներն ու անդրադառնալ վերաքվեարկության հարցին (Տեսանյութ)
12/06/2026 11:32

«Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքներն ու անդրադառնալ վերաքվեարկության հարցին (Տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում։

«Դիմումի մեջ ներկայացրել ենք այն մասշտաբային ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել նախքան քվեարկության օրը, ինչպես նաև՝ քվեարկության օրը։ Շեշտադրել ենք այն ռեպրեսիվ գործողությունները, որոնք տեղի են ունեցել, վարչական ռեսուրսի չարաշահումը, ատելության խոսքը»,-դիմումը ԿԸՀ ներկայացնելուց հետո լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, թե ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչելու դիմումը քննարկելու ընթացքում պարտավոր է անդրադարձ կատարել վերաքվեարկության հանգամանքին։

«Վերաքվեարկության հիմքերը շատ հստակ են. եթե անվավեր ճանաչած այդ տեղամասերի արդյունքներն ազդեցություն են գործում ընտրության արդյունքների վրա, ապա այդտեղ պարտադիր է վերաքվեարկության հանգամանքը»,-ասաց Վարդևանյանը։

Նա նշեց, որ դիմումը քննության է առնվելու կիրակի՝ իսկ մինչ այդ  վերահաշվարկի արդյունքները կամփոփվեն։