«Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար». Փաստաբանը հայտարարեց՝ բողոքարկելու են դատական ակտը
19/06/2026 18:51

«Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար». Փաստաբանը հայտարարեց՝ բողոքարկելու են դատական ակտը

Փաստաբան Լիանա Գասպարյանը  News.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՔԿ-ի հայտարարությանը, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է՝ 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար։

- Մամուլում տարածվել է տեղեկատվություն, որ կալանավորվել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը և իբրև՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել 100-ից ավելի անձանց ընտրակաշառքի վերաբերյալ. տիկին Գասպարյան, ի՞նչ կարող եք հայտնել նշվածի մասին՝ որպես Աշոտ Եղիազարյանի պաշտպան։

- Նախ ցանկանում եմ արձանագրել, որ ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար: Ցանկացած անձի կարող են նման մեղադրանք առաջադրել։ Պարզաբանեմ՝ ինչու: Աշոտ Եղիազարյանը որևէ առնչություն չունի նման արարքի հետ, հետևաբար այնպես, ինչպես Եղիազարյանին են վերագրել նման դեպք, կարող են վերագրել ցանկացած անձի: «Ուժեղ Հայաստանի» դեպքում իրավունքը տրորելու նոր նշաձող է սահմանվել: Աշոտ Եղիազարյանը, ով նախկինում երբևէ արատավորված չի եղել, երբևէ չի թաքնվել իրավապահներից, իր նախաձեռնությամբ մշտապես հասանելի է եղել իրավապահների համար, այս պահին կալանավորված է: Այսինքն, կալանքի պայմաններից որևէ մեկը չէր կարող վերագրվել Եղիազարյանին:

Ի դեպ, Եղիազարյանի կալանքի հարցի քննության, դատական նիստի ընթացքում, առանց նախաքննական գաղտնիքի հրապարակման, պարզապես նշեմ՝ վերագրվող մեղադրանքներն ամբողջությամբ հերքվել են: Կարող եմ նույնիսկ ասել, որ բազմաթիվ անձանց են հարցաքննել և դրանց արդյունքները ցանկացած անաչառ դիտորդի մոտ կստեղծի համոզմունք, որ այստեղ քրեական գործ չկա, առավել ևս՝ ընտրակաշառքի, կամ որևէ այլ անօրինական արարքի վերաբերյալ մեղադրանք: Վստահ եմ՝ նկատած կլինեք, որ այս դեպքում նույնիսկ որևէ աղմկահարույց ձայնագրություն Ա. Եղիազարյանի իբրև մասնակցությամբ չի եղել: Իրավապահները պարզապես արդեն որոշել են, որ նույնիսկ քարոզչական նպատակով որևէ մեկի հետ հաղորդակցումը ևս ապօրինի է:

Ավելին, ցանկանում եմ նշել նաև, որ նախընտրական շրջանում եթե որևէ մեկը, օրինակ, հարսանիք պլանավորի և հյուրերի ցանկ գրի, դա դիտարկվելու է ընտրական հանցանք, քանի որ եթե կա ցուցակ, եթե կա անձանց անուն ազգանուն, ապա դա, ըստ քննչական մարմնի, ապօրինություն է:

Մենք բողոքարկելու ենք կալանավորման վերաբերյալ դատական ակտը և դրա համար ունենք բազմաթիվ հիմքեր և հիմնավորումներ: Այս ամենը որևէ օրինական, դատավարական նպատակ չի հետապնդում, հետևաբար, այս ամենի պատասխանները իրավունքից դուրս տիրույթում են: