.jpg)
«Արարատցեմենտ»-ում սպասում են աշխատանքի վերսկսմանը. տնօրենն ասում է, թե բանակցույթուններ են ընթանում․ Լուսանկարներ
«Արարատցեմենտ» գործարանի մոտ շարունակվող բողոքի ակցիայի ընթացքում ընկերության տնօրեն Արտյոմ Պողոսյանը հայտարարեց, որ այս պահին բանակցություններ են ընթանում՝ գործարանի աշխատանքը հնարավորինս արագ վերսկսելու ուղղությամբ։
Նա դիմեց հավաքված աշխատակիցներին՝ կոչ անելով պահպանել հանգստություն և վստահեցրեց, որ առաջիկա ժամերին իրավիճակը կհստակեցվի։
«Բոլորին խնդրում եմ գնալ տուն։ Քիչ ուշ խնդիրը կկարգավորենք, ձեզ կասենք, թե որ ժամին և ինչ հերթափոխով եք հաճախելու աշխատանքի, ու կսկսենք աշխատել։ Մի քանի ժամից ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ հույս ունի՝ գործարանը շուտով կվերսկսի աշխատանքը։
Ավելի վաղ գործարանի աշխատակիցները հայտարարել էին, որ աշխատանքի դադարեցման պատճառով կանգնել են լուրջ սոցիալական խնդիրների առաջ՝ նշելով, որ շատերն ունեն վարկային և հիփոթեքային պարտավորություններ, իսկ գործարանի երկարատև պարապուրդը կարող է ծանր հետևանքներ ունենալ ինչպես իրենց, այնպես էլ համայնքի համար։
Ակցիայի մասնակիցները նաև զգուշացրին, որ եթե գործարանի աշխատանքը չվերսկսվի, պատրաստվում են ավելի կոշտ քայլերի դիմել։
«Եթե գործարանը չաշխատի, որոշել ենք գնալ ու փակել Զոդի կամուրջը»,- հայտարարեցին նրանք։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում իրավապահները կապարակնքել էին «Արարատցեմենտ» գործարանը, ինչի հետևանքով դրա աշխատանքը դադարեցվել էր։

