.jpg)
Իրանը հայտարարել է՝ պատրաստ է ուժով պաշտպանել Հորմուզի նեղուցը
Իրանը պատրաստ է ուժի կիրառմամբ պաշտպանել իր դիրքերը Հորմուզի նեղուցում, հայտարարել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները։
«Նեղուցը տասնյակ միջուկային ռումբերից ավելի կարևոր է, և Իրանը կպաշտպանի այն»,- ինչպես հաղորդում է ISNA-ն, այսպիսի հայտարարություն է հնչեցրել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի խորհրդական Մոհսեն Ռեզային։
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային նույնպես նմանատիպ հայտարարություն է հնչեցրել։
«Մենք ուժով վերցրինք Հորմուզի նեղուցը, ուժով էլ կպահենք այն»,- գրել է պաշտոնյան՝ X սոցցանցի իր էջում։
Նշենք, որ այսօր Իրանը կրկին հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին՝ «մինչև այն պահը, երբ տարածաշրջանում կավարտվի ԱՄՆ-ի ապօրինի միջամտությունը»։ Նեղուցը կրկին փակվել է՝ վերջին օրերին Միացյալ Նահանգների կողմից Իրանի ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելուց հետո։ Դրան, հիշեցնենք, հաջորդել էր Իրանի պատասխանը՝ կրկին հզոր հարվածներ էին հասցվել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան թիրախներին։ Իրանից հնչել էր նաև հայտարարություն՝ իր ենթակառուցվածքներին կրկին հարվածելու դեպքում այս անգամ պատասխանը կստանա Իսրայելը։