.jpg)
Դատախազը հաստատել է եպիսկոպոսների ու Վեհափառի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել դատարան. փաստաբանը պնդում է՝ հետապնդումն ակնհայտ ապօրինի է
Դատախազը հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել դատարան։
Այս մասին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշենք՝ դատարանը որոշել է, որ Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ու Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։
Սրբազան Հայրերի փաստաբան Արմինե Ֆանյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ, ի սկզբանե, այս հետապնդումն ակնհայտ ապօրինի էր, արտացոլում է եկեղեցու ներքին գործերին պետության անհամաչափ միջամտությունը, որի լիազորությունն ու իրավասությունը չունի որևէ պաշտոնատար անձ։
«Բնականաբար, կան դատավորներ, ովքեր, արդարադատություն իրականացնելով, մեր բողոքները բավարարել են ու այդ որոշումներով էլ է ամրապնդվում այս հետապնդումների անօրինականությունը, որովհետև, ըստ էության, քրեական հետապնդման ժամկետը, մեր դիրքորոշմամբ, կասեցվել էր արհեստականորեն ու Առաջին ատյանի դատարանը հաստատեց մեր դիրքորոշումն ու գտավ, որ առնվազն երեք հոգևորականի նկատմամբ որոշումը եղել է ապօրինի, իսկ եթե երեքի նկատմամբ եղել է ապօրինի, բնականաբար, բոլորի նկատմամբ է եղել ապօրինի, քանի որ հիմքերն ու պայմանները նույնն էին։ Պարադոքսալ է, նույն բողոքը երեք եպիսկոպոսների մասով բավարարվել է, բայց, օրինակ, Վեհափառի մասով մերժվել է, սա էլ է խոսում դատավորների տարբերակված մոտեցման մասին։ Ովքեր կամք ունեն՝ իրականացրել են արդարադատություն, իսկ ովքեր չունեն, բնականաբար, չեն իրականացրել»,- նշեց Ֆանյանը։
Փաստաբանի խոսքով՝ գործը հապճեպորեն դատարան ուղարկելը խոսում է այն մասին, որ պետությունը շարունակում է իր վարքագիծն ու դասեր չի քաղում դատարանների որոշումներից։
«Տեսնենք՝ ում կմակագրվի գործը, այդտեղ էլ կերևա՝ միջամտություն եղե՞լ է, թե՞ ոչ, որովհետև, եթե մակագրվի իշխանության սրտի դատավորներից մեկին, ակնհայտ է, որ միջամտություն եղել է, իսկ եթե նորմալ գործերի բաշխման համակարգով բաշխվի, հույս ունենք, որ իրական արդարադատություն իրականացնող դատավորի վարույթում կգտնվի գործն ու կհասնենք արդարության»,- հավելեց փաստաբան Ֆանյանը։
Հիշեցնենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսներ մեղադրյալի կարգավիճակում են. նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան Սրբազանները։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ավելի ուշ՝ Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից երկու օր առաջ, քրեական գործ հարուցվեց նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ ու արգելվեց Կաթողիկոսին լքել երկիրը:
Մարտի 13-ին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին կրկին կանչել էին ՀՀ քննչական կոմիտե, որ լրացուցիչ ցուցմունք տան, իսկ դրանից մեկ օր առաջ էլ Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին էին Քննչական կոմիտե կանչել։
Հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը առաջարկ էր ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին հռչակել կարգալույծ։ Ավելի ուշ Մայր Աթոռը հաղորդագրություն տարածեց, որ հայրապետական տնօրինությամբ՝ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։