08/09/2012 13:23
Այսօր Մաեստրո Օհան Դուրյանի 90-ամյակն է
Մաեստրո Օհան Դուրյանը այսօր կդառնար 90 տարեկան:
Նա ծնվել է 1922 թվականին Երուսաղեմում: Տեղի կոնսերվատորիան ավարտելուց հետո երաժիշտը մեկնում է համերգային շրջագայությունների Եվրոպա և իր ֆենոմենալ հիշողության, խորը, զգայուն երաժշտականության շնորհիվ միանգամից ճանաչման է արժանանում։
Ֆրանսիական մի շարք նվագախմբերի ղեկավար Դուրյանը, սակայն, միշտ կապված էր Հայաստանի հետ:
35 տարեկանում նա գալիս է Հայաստան և իր տաղանդի շնորհիվ կարճ ժամանակում այստեղ արժանանում ճանաչման:
«Պարզ բան է` միայն Այո կարող ենք ասել, ուրիշ քվե տալ չեմ պատկերացնում: Դա միակ ճանապարհն է: Ամբողջ հայության ցանկությունը և Հայաստանում, և արտասահմանում` նույնն է: Ամենքս միասին պիտի Այո ասենք»,-1991 թ. Հայաստանի անկախության հռչակման առթիվ ասել է Օհան Դուրյանը:
Մինչև 1950-ականները Մաեստրոն ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը: Հետագայում մեկնել է Եվրոպա։
1962-1969-ին Օհան Դուրյանը իբրև հյուր դիրիժոր հանդես է գալիս Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբի հետ: Համատեղ 19 համերգների ընթացքում նա չի գործածում ոչ պարտիտուր, ոչ էլ դիրիժորական փայտիկ, այլ միայն իր խոսուն ձեռքերով երաժշտություն է արարում, ինչն էլ դառնում է լայպցիգյան երաժշտական կյանքի բարձրակետը։
Դուրյանն աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ։ Մամուլում նրան համեմատել են Նիկիշի, Բեռնշտայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ։
1998-2001 թթ. նա եղել է Հայաստանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։ Այդ պաշտոնից հեռացվելուց հետո նա մեկնում է Մոսկվա: 2002-2006 թվականներին Օհան Դուրյանը ղեկավարել է նաև Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը, սակայն որոշ ժամանակ անց նորից վերադարձել հայրենիք:
Օ. Դուրյանը մահացել է Երևանում 2011 թվականի հունվարի 6-ին ։
ՀՀ մշակույթի նախարարության լրատվական բաժնի փոխանցմամբ, ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Ֆրանսիայի գրականության և արվեստի շքանշանի ասպետ, հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ ս. թ. սեպտեմբերի 8-ին՝ ժ. 14.00-ին, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հայ արվեստասեր հանրությունը, մշակույթի անվանի գործիչները, հարազատները կայցելեն Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծատաղանդ արվեստագետի հիշատակին: