28/06/2013 15:42
ԶՈՒ ավիացիայի լեյտենանտ. Բոլոր հիշողություններս ինքնաթիռների հետ են կապված
«Փոքր տարիքից երազանք ունեի, հետո այն դարձավ նպատակ, նպատակն էլ` իրականություն»,- պատմում է ՀՀ ԶՈՒ ավիացիայի երիտասարդ լեյտենանտ, օդաչու Նարեկ Սարգսյանը՝ հիշելով իր «օդային» ուղին:
Ինքնաթիռի ղեկ լեյտենանտ Սարգսյանն առաջին անգամ բռնել է 18 տարեկանում, երբ կուրսանտ էր մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտում:
«Հիմա որ ասեմ՝ կասեք հատուկ եմ գովաբանում, բայց իրականում մեր ավիացիան շատ բարձր մակարդակի վրա է: Մենք այս ոլորտում, ի տարբերություն հարևանների, երբեք չենք ձգտում քանակին, մեր գերնպատակը որակն է»,- նայելով երկնքում հնարքներ կատարող ինքնաթիռներին պատմում է ավիացիայի լեյտենանտը:
«Չեմ ափսոսում, որ մնացի ոլորտում: Եթե մի ոլորտ ես մտնում ու հասկանում ես, որ այն քոնն է` պետք է անկախ բոլոր դժվարություններից գնաս մինչև վերջ:
Այսպիսի մի բան կա, երբ կյանքիդ կարևոր տարիներն անցկացրել ես մի գործի վրա, հետագայում ինչքան էլ փոխես զբաղմունքդ, միևնույն է` լավագույն հիշողություններդ քեզ անցյալ են տանելու: Հիմա, եթե անկեղծ ասեմ, իմ բոլոր լավագույն պահերն ու հիշողություններն ինքնաթիռների հետ են կապված»,- անկեղծանում է լեյտենանտն ու խոստանում մինչև ծերություն ինքնաթիռի ղեկին լինել:
Ցուցադրական թռիչքների Նարեկ Սարգսյանը դեռևս չի մասնակցել, բայց ունի մեծ ցանկություն.
«Ցանկությունը կա ու եթե գաղտնիք բացեմ` մասնակցելու եմ: Այնպես որ հաջորդ ավիաշոուի ժամանակ ինձ երկնքում կհետևեք»:
Քաղաքացիներին, ում Նարեկը հիմնականում երկնքից` ինքնաթիռի փոքրիկ պատուհանից է տեսնում, նա ունի միայն մի բան ասելու` թող մեր ժողովուրդը հանգիստ քնի:
«Աստված չանի, եթե պատերազմ լինի, չնայած եթե թշնամին այնքան վստահ լիներ իր կարողությունների վրա, որքան խոսում է, ապա անպայման կսկսեր այդ պատերազմը, մեր ժողովուրդը թող լինի վստահ` ցամաքից մյուս ստորաբաժանումներն, իսկ երկնքից` մենք, կպաշտպանենք այս հողն ու դրա վրա ապրող ամեն մարդու»:
Նախորդդող հրապարակում՝ ՀՀ ԶՈՒ ավիացիայի մայոր. Մեր ավիացիան, անկասկած, կպաշտպանի մեզ (Տեսանյութ)