05/11/2014 10:46
Պաշտոնական. «Նաիրիտը» մինչև 2015թ. կմարի աշխատավարձերի 15 մլն դոլար պարտքը
Մինչև այս տարվա վերջ «Նաիրիտ» գործարանը մարելու է իր աշխատակիցների աշխատավարձերը ամբողջ պարտքը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի ծառայության պետ Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ ամբողջ գումարը կազմում է 15 մլն ԱՄՆ դոլար:
«Այս մասին գործարանի ղեկավարությունն արդեն տեղյակ է պահել աշխատակիցներին»,- ասաց Անուշ Հարությունյանը:
Բացի այդ, Aysor.am-ն ահազանգ էր ստացել նաիրիտցիներից, թե գործարանում լուրջ կրճատումներ են սպասվում:
Անուշ Հարությունյանը հաստատեց այս տեղեկությունը:
«Կրճատումների առաջին փուլը, ըստ էության, այն, ինչ մեզ հիմա հայտնի է, լինելու է մինչև 400 մարդ և միայն թոշակառուներ: Բայց թոշակառուներից այն մարդիկ, ովքեր այնպիսի մասնագետներ են, առանց ում գործարանը չի կարող շահագործվել, նորից աշխատել, ում գործունեությունը շատ կարևոր է գործարանի համար, իրենց փոխարինողներ չկան, այդ մարդիկ նորից կընդունվեն աշխատանքի՝ աշխատանքային պայմանագրերով»,- ասաց գործարանի մամուլի ծառայության պետը՝ ավելացնելով.
«Առայժմ ընդամենը խոսվում է մոտ 400 մարդու մասին, որոնցից շատերը մասնագետներ են ու նրանք, ամենայն հավանականությամբ, նորից կընդունվեն աշխատանքի արդեն աշխատանքային պայմանագրերով: Բայց այդ ամենը կլինի միայն աշխատավարձերի վճարումից հետո, այսինքն՝ սկսած 2015թ.-ի հունվարից»,- ասաց նա: